Ծեծել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահին. ըստ ՀԿ–ի` ծեծողները «Ժառանգության» անդամներն են
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում այսօր` օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ի սահմանում, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը ծեծի է ենթարկել «ՔԳ» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի նախագահի օգնական Արեգ Սարգսյանը` նշելով, որ Հովսեփ Ղազարյանը ՀԿ գրասենյակ է գնացել 7 մարդու հետ և կռիվ սկսել ՀԿ անդամների հետ:
«Նարեկը երեկ լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել և իր կարծիքը հայտնել Հայաստանի ընդդիմադիր ուժերի մասին, այդ թվում նաև «Ժառանգության»: Երբ այդ նյութը հայտնվել էր ֆեյսբուքում, Հովսեփ Ղազարյանը Նարեկին էր գրել և պատասխան պահանջել: Նարեկը չէր ցանկացել նրա հետ դրսում հանդիպել և հրավիրել էր մեր գրասենյակ»,-պատմեց նա:
Արեգ Սարգսյանի խոսքով` Հովսեփ Ղազարյանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակ է եկել «Ժառանգություն» կուսակցության 7 այլ անդամների հետ, սկսել է գոռգոռալ ու հարձակվել է Նարեկ Սամսոնյանի և ՀԿ այլ անդամների վրա, իրենք էլ պաշտպանվել են, սկսվել է ծեծկռտուք։
Ըստ Արեգ Սարգսյանի` Նարեկ Սամսոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։
