Ծեծի ենթարկված Աշոտ Փիլիպոսյանը տեղափոխվել է Երևան
Դեկտեմբերի 12-ի երեկոյան Հրազդանում ծեծի ենթարկված ՀԱԿ Հրազդանի գրասենյակի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղափոխվել է Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որպեսզի լրացուցիչ ստուգումներ անցնի: Այս մասին պատմել է Աշոտ Փիլիպոսյանի ընկերը՝ ՀԱԿ անդամ Արամ Բարեղամյանը:
«Աշոտի վիճակը հիմա նորմալ է, բայց բժիշկները մեզ հորդորեցին լրացուցիչ ստուգումներ անցկացնել Երևանում և հիմա մենք ճանապարհին ենք, կոմպյուտերային տոնոգրաֆիա պիտի անենք: Մի քիչ ավելի ուշ պարզ կլինեն արդյունքները, չեմ կարող ասել՝ Երևանում կմնանք, թե կվերադառնանք Հրազդանի հիվանդանոց»,-ասաց Արամ Բարեղամյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ՀԱԿ՝ Հրազդանի գրասենյակի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Անհայտ անձինք նրան զանգահարել էին ու դուրս կանչել և շենքի բակում ծեծի ենթարկել: Նրան տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշել էին ուղեղի ցնցում, արյան զեղում, սալջարդեր:
Ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխվել կասկածյալներ, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Պողոսյանները:
