Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագիր է ստորագրել կանադական թանգարանի հետ
Կանադական Վիննիպեգ քաղաքում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Կանադայի մարդու իրավունքների թանգարանի (ԿՄԻԹ) եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջեւ Փոխըմբռման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված այս Փոխըմբռման պայմանագրով կողմերը պայմանավորվեցին համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման եւ այլ ոլորտներում: Այս համագործակցությունն օգտակար է նաեւ փորձի փոխանակման տեսանկյունից, ինչպես օրինակ երկու հաստատությունների նոր մշտական ցուցադրությունների մշակումը: Պայմանագիրը ստորագրեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ԿՄԻԹ-ի տնօրեն Ստյուարտ Մյուրեն: Ստորագրման արարողությանը ներկա էին Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ: Պարոն Ստյուարտ Մյուրեն նշեց. «Հարգանք մարդու իրավունքների նկատմամբ դժվար է կառուցել, սակայն հեշտ՝ ոչնչացնել: Մարդու իրավունքներն ընդունող յուրաքանչյուր հասարակություն պետք է շարունակաբար աչալրջորեն խթանի եւ պաշտպանի այդ մարդկանց իրավունքները»,- եւ ավելացրել. «Մեզ համար շատ հաճելի է միացնել մեր ձեռքերը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հետ՝ խթանելու կրթությանը, իրազեկմանը եւ մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը»: Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հանդիսավոր բացումը նախատեսվում է 2014 թ. սեպտեմբերին: Երկու կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նաեւ 2015թ. ՄԻԿԹ-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված ժամանակավոր ցուցադրության կազմակերպման շուրջ: Կանադա կատարած այցի շրջանակներում ՀՑԹԻ տնօրեն Հ. Դեմոյանը հանդիպումներ ունեցավ Տորոնտոյի եւ Մոնրեալի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումներ անցկացնելու եւ ընդհանուր ռազմավարություն մշակելու հարցեր:
