«Չաո բամբինո» մանկական սրճարանի տնօրինությունը պարզաբանում է փուչիկների պայթյունի պատճառները (Video)
1in.am-ը գրում է.«Չաո բամբինո» մանկական սրճարանի տնօրինության խոսքով՝ երեկ երեկոյան իրենց սրճարանում փուչիկների պայթյունից բռնկված հրդեհի մեղավորությունը «Փուչիկների աշխարհ» ընկերությանն է: Մանկական սրճարանը փուչիկներ ձեռք է բերում հենց այդ լիցենզավորված ընկերությունից, և իրենք հնարավորություն չունեն ստուգելու, թե ինչով են լիցքավորված փուչիկները: «Մեր սրճարանն արդեն 2.5 տարի է՝ աշխատում է, և նման դեպք չի եղել: Մենք պատվիրում ենք, իրենք բերում են այդ փուչիկները, որոնք պետք է լիցքավորված լինեն հելիումով: Իսկ թե այս անգամ ինչով են լիցքավորված եղել, մենք չգիտենք և փորձում ենք պարզել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք հետևողական են լինելու, որ «Փուչիկների աշխարհը» պատասխանատվության ենթարկվի անթույլատրելի գազով լիցքավորված փուչիկներ տրամադրելու համար:
Տնօրենի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ծննդյան տոնակատարության տորթը կտրելու ժամանակահատվածում: Երեխաները աթոռներին կապված փուչիկներն արձակելով մոտեցել են տորթին, որի վրա տեղադրված հրավառությունից փուչիկները պայթել են և բոց է առաջացել: «Ընդամենը թույլ բոց է եղել, որից ո՛չ տարածքն է այրվել, ո՛չ սեղանը, ոչ մի բան: Երեխան մաշկային խնդիր է ունեցել, բոցից հետո մի քիչ այտուցներ են եղել: Մենք օգնություն ենք ցույց տվել, բոլորը հանգստացել են ու դեպքից երկու ժամ հետո նոր հյուրերը մեզանից շատ գոհ գնացել են»,- հավելեց տնօրենը:
Նշենք, որ այրվածք ստացած երեխաների ծնողները դժգոհել էին, թե սրճարանի տնօրինությունն անտարբերություն է ցուցաբերել, ծնողներն են շտապօգնություն կանչել և երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որտեղից էլ նրանց նույն օրը դուրս են գրել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
