Չարենցավանի գործող քաղաքապետը մնաց առանց մրցակցի
Դեկտեմբերի 14-ին Չարենցավանում կայանալիք քաղաքապետի հերթական ընտրությանը գործող քաղաքապետը՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդին է, կքվեարկվի առանց մրցակցի: Գրանցված երկրորդ թեկնածուն՝ ինքնառաջադրված անկուսակցական, «Կար-Կոր» ՍՊԸ հերթափոխի պետ Արտավազդ Ալեքսանյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք-էջի՝ այս պահի դրությամբ ինքնաբացարկ են հայտնել նաև նույն օրը 25 գյուղական համայնքներում անցկացվելիք գյուղապետերի ընտրություններին գրանցված 58 թեկնածուներից 10-ը:
Արդյունքում՝ առանց մրցակցի են մնացել թվով 5՝ Արագածոտնի մարզի Հացաշեն, Արմավիրի մարզի Բերքաշատ, Լոռու մարզի Մեղվահովիտ, Սյունիքի մարզի Կուրիս, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղական համայնքների գործող ղեկավարները: Նրանք բոլորն էլ ՀՀԿ անդամներ են, երեքն առաջադրված են կուսակցության կողմից, երկուսը՝ ինքնառաջադրման կարգով:
Մնացած 5 համայնքներում ինքնաբացարկների արդյունքում գործող գյուղապետերն այս պահին ունեն մեկական մրցակից: Ի դեպ, այս համայնքների գործող ղեկավարները ևս ՀՀԿ-ականներ են: Երկու համայնքում գործող գյուղապետերը մրցակցում են իրենց կուսակիցների, իսկ երեքում՝ անկուսակցականների հետ:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, դեկտեմբերի 14-ին ՏԻՄ հերթական ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 35 համայնքներում: Դրանցից 26-ում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 9-ում՝ ավագանու անդամներ:
Ընդ որում, 35 համայնքներից միակ քաղաքային համայնքը Չարենցավանն է, որտեղ նախատեսված է քաղաքապետի ընտրություն:
25 գյուղական համայնքներից միակը Վայոց ձորի Թառաթումբն է, որտեղ գործող գյուղապետը չի առաջադրվել:
Մնացած 24 համայնքներում գործող գյուղապետերը վերընտրվելու հայտ են ներկայացրել: Նրանցից 20-ը ՀՀԿ անդամներ են, 4-ը՝ անկուսակցականներ:
Հիշյալ 35 համայնքներում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է:
