Ճայթուկի հետեւանքով աչքի վնասվածքներ ստացած 7-ամյա երեխան տանն է բուժվում
Արմավիրի մարզում դեկտեմբերի 14-ին տոնական ճայթուկի հետեւանքով աչքի վնասվածքներ ստացած 7-ամյա Ա. Հ.-ն Արմավիրի մարզի Արաքս գյուղից է: NEWS.am-ի հետ զրույցումնրա հորաքույրը՝ Քնարիկ Յակուտյանը, նշեց, որ Ա. Հ.-ն այժմ տանն է եւ բուժվելու է դեղերի միջոցով՝ տան պայմաններում:
« Վաղարշապատի հիվանդաոցում ուզում էին երեխուն վիրահատեին, թույլ չտվեցի, գնացինք «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն, ասացին, որ դեղերով կբուժվի: Այժմ լավ է, մի աչքով չի կարողանում տեսնել, բայց ասել են, որ ժամանակի ընթացքում կլավանա»,-ասաց հորաքույրը:
Քնարիկ Յակուտյանը պատմեց, որ երեխան դպրոցից տուն գնալու ճանապարհին է գտել ճայթուքը, որը բերել է տուն եւ դրել վառարանին, որ չորանա, այդ ընթացքում ճայթուքի բարութը թափվել է եւ երեխան այն վերցրել եւ սկսել է ուսումնասիրել՝ մտածելով, որ վերջ, եթե բարութը թափվել է, ուրեմն փչացել է, հենց այդ վայրկյանին էլ ճայթուկը պայթել է:
Քնարիկ յակուտյանը նշեց, որ գյուղի խանութներում այս օրերին անչափահաս երեխաներին անարգել ճայթուկներ են վաճառում, որը վտանգավոր է նրանց համար: Նա նշեց, որ պետք է վերահսկողություն սահմանվի, որպեսզի երեխաներին ճայթուկներ չվաճառեն:
Նշենք, որ 7-ամյա Ա. Հ.-ն Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել եղջերաթաղանթի թերմիկ այրվածքով, նրա աչքերում հայտաբերվել են բազմակի օտար մարմիններ:
