«Չեմ ուզում ապրել, ուզում եմ հելնել կռիշ». Խելագարված զինվորի միակ երազանքը Գերմանիայում բուժվելն է
Արարատ քաղաքի Շահումյան-2 հանրակացարանում բնակվող, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո շարունակում է բուժվել, բայց դրական տեղաշարժ չի նկատվում. նա շարունակում է կյանքի նկատմամբ անտարբեր մնալ։
«Կյանքում ամեն ինչի նկատմամբ կորցրել եմ հետաքրքրությունս, կարծես արգելափակված լինեմ»,- մեզ հետ զրույցում մեկ տարի առաջ ասաց Հովիկը։ Նույն զգացողությունը նրա մոտ պահպանվում է առ այսօր։
«Հիմնականում իրիկուններն է վիճակը վատանում, սկսում է ինձ վրա ջղայնանալ, ինչ կուժ ու կուլա կա՝ ինձ վրա է ջարդվում։ Մի փոքր բանից կարող է ջղայնանա, ու մի կես ժամից կամ 20 րոպեից դա անցնում է, ասում է՝ պապ ջան, կներես։ Էլ տնից դուրս չի գալիս, բայց մի քանի օր է՝ սկսել է հեռուստացույց նայել, մոտ մի կես ժամ նայում ա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը։
Հովիկը հիմա էլ ատամների ցավից է դժգոհում. «Մի ատամը տարանք հորեղբորս տղան բուժեց, մի քանիսը հանեց, հիմա ամեն օր գնում է ատամնաբույժի մոտ, ատամնաբույժը նայում է, բոլոր ատամները առողջ են, բայց Հովոն ասում է՝ ցավում է։ Բայց ինչն է ցավում՝ անհասկանալի է։ Զանգեցինք բժշկին, էլի ցավազրկողներ նշանակեց»,- ասաց հայրը։
Հովիկը շարունակում է շատ ծխել և սուրճ խմել. «Օրվա մեջ 10-12 հատ բաժակով սուրճերից է գնում խանութից՝ խմում։ Գալիս տուն, ամբողջ օրը լվացվում է, օրվա մեջ հինգ անգամ ատամներն է լվանում: Եթե քույրը մեկ րոպե սուրճն ուշացնի, նեղացնում է քրոջը, հետո մի քիչ անցնում է, ասում է, որ չէր ուզում նեղացնել, ուղղակի պահի տակ ստացվեց։ Մեկ-մեկ էլ ասում է՝ չեմ ուզում ապրել, ուզում եմ հելնել կռիշ։ Երբեմն էլ շատ ագրեսիվ է դառնում, դրա համար այս անգամ իր բժիշկ Բակունցը դոզան ավելացրեց։ Հովոն մեկ-մեկ այնպես է խոսում, որ կասես էս տղեն հաստատ փիլիսոփա է, բայց մեկ-մեկ էլ բռնում է նոպան, հետո ասում է՝ կներես պապ, ստացվեց»,- ասաց հայրը։
մանրամասն՝ այստեղ:
