«Չենք մոռացել ձեզ, պարոն Թամոյան». Արտակ Զաքարյանը` Ազիզ Թամոյանին
Փաստինֆոն գրում է. Աժ-ում ընթացքող «Աշխարհն առանց Ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշեց, որ մեծապես կարևորում է 2015թ. հարյուրամյա միջոցառումները, «որպեսզի 2015թ. լինի հստակ և ամբողջական գիտակցում` այլևս երբեք»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված ոճիրներ են ոչ թե մեկ առանձին ազգի, ուստի` դրանց ժխտումը նույնքան հանցավոր է ու դատապարտելի:
«Թուրքիայի այսօրվա իշխանությունները նպատակային իրականացնում են հանցավոր ժխտողական քաղաքականություն և չեն ուզում առերեսվել սեփական պատմության հետ: Բայց գալու է ժամանակը, երբ ոչ միայն թուրք մտավորականներն են գալու և տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- համոզմունք հայտնեց ԱԺ փոխխոսնակը` հիշատակելով Թուրքիայի կողմից ցեղասպանված ժողովուրդներին` դրանց շարքում չհիշատակելով, սակայն, եզդիներին:
«Հայոց խորհրդարանում նախապատրաստվում է և առաջիկայում կունենան հայտարարության տեքստ, որը կդատապարտի հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանությունը»,- ասաց նա:
Լսումներին ներկա Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նկատեց, որ բանախոսը մոռացավ եզդիներին:
«Չենք մոռացել ձեզ, պարո'ն Թամոյան»,- Ազիզ Թամոյանի դիտարկմանն արձագանքեց նիստը վարող Արտակ Զաքարյանը:
