Չենք սահմանափակվում միայն Շուշանիկ Բախշյանի ձերբակալմամբ
«Մենք էլ ենք քիչ առաջ տեղեկացել, որ ձերբակալել են Շուշանիկ Բախշյանին, մենք ի սկզբանե էլ ասում էին, որ նրա անուշադրության պետճառով է աղջիկս այդ վիճակին հասել: Երբ Մերիս ջերմում էր, նրան չպետք է տուն ուղարկեր, այլ պետք է հիվանդանոցում համապատասխան բուժումը տար»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի հայրը: Նրա խոսքով ճշմարտությունը կբացահայտվի և մեղավորները իրական պատիժը կստանան:
Իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը՝ անդրադառնալով ձերբակալությանն ասաց, որ միայն Շուշանիկ Բախշյանի ձերբակալմամբ չեն սահմանափակվելու, կան բժիշկներ, որոնց պատասխանատվության հարցը նույնպես պետք է բարձրացվի:
«Չենք սահմանափակվում միայն Շուշանիկ Բախշյանի ձերբակալմամբ: Դեռ բժիշկներ կան, որոնց պատասխանատվության հարցը պետք է բարձրացվի»,-ասաց Մարինե Թովմասյանը` հավելելով, որ իրենք միջնորդության մեջ նշել են հնարավոր բժիշկների ցանկը:
Հիշեցնենք, որ Մերին 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է:
