«Չի բացառվում, որ ամբողջովին նոր Սահմանադրական դատարան ձևավորվի». Ռ. Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ իրավիճակը պետք է հնարավորինս արագ հանգուցալուծվի: Ըստ նրա՝ դեռ մինչև փետրվարի 23-ը ժամանակ կա, և հիմա որևէ մեկը չի կարող պնդել, թե որպես հանգուցալուծում ՍԴ դատավորներին օրենքի միջոցով վաղ կենսաթոշակի ուղարկելու տարբերակը չի աշխատել:
«Ողբերգություն չի լինի, եթե որևէ մեկը վաղ կենսաթոշակի չգնա»,- նկատեց նախարարը:
Ճշգրտող հարցին, թե իշխանությունները հանգուցալուծման սահմանադրական փոփոխությունների ճանապա՞րհն են ընտրել, Ռ. Բադասյանն ասաց. «Նախանշված է սահմանադրական փոփոխություններով, բայց թե այլ ի՞նչ քայլ կարող է կատարվել, այս պահին չեմ կարող ասել: Չեմ կարող բացառել, որ որևէ այլ քայլ կարող է կատարվել»,- ասաց նախարարը:
Ռ. Բադասյանը նկատեց, որ ինքը վաղ կենսաթոշակի գնալով հարցը լուծելը կես քայլ է համարում և ճգնաժամի համալիր լուծումը տեսնում է սահմանադրական փոփոխությունների մեջ: Միայն այդ դեպքում կվերականգնվի հասարակության հավատը դատական համակարգի նկատմամբ: Այսինքն՝ ամբողջովին նոր Սահմանադրական դատարա՞ն է ձևավորվում հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց՝ չի բացառվում:
