Չինացիները Երեւանում սեռական շահագործման են ենթարկել չինուհիներին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երեւանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննության տվյալներով՝ ՉԺՀ-ի քաղաքացիներ Չյուին եւ Վանգին Երևան քաղաքում կամ Վրաստանի Հանրապետությունում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով` խաբեությամբ, իրականում` Երևանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ 2014թ. հոկտեմբերին Չինաստանում հավաքագրել և Երևան են տեղափոխել ՉԺՀ 4 քաղաքացիների։
Վերջիններս պահվել են Երևանի Լենինգրադյան փողոցի վրա գործող հյուրանոցային համալիրում եւ մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ենթարկվել սեռական շահագործման։
Դեպքի առթիվ դեկտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նույն օրը ձերբակալվել են ՉԺՀ քաղաքացիներ Չուան Ճոնգ ճիի Վանգը եւ Լիեն Ֆընգ Վան Չունի Չյուին՝ համապատասխանաբար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր) եւ նշված հանցագործությանն օժանդակելու (38-132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր) կասկածանքով։
