Չինարիի գյուղապետը՝սահմանին տիրող իրադրության մասին
Հայտնի է, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Ցավոք սրտի
գնդակոծության արդյունքում վիրավորվել էին երկու ժամկետային զինծառայողներ՝ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։ 22-ամյա Գոռ Գեւորգյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ Արամ Ասատուրյանը:
Այս պահի դրությամբ զինվորի վիճակը կայուն ծանր է, եւ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի որովայնի եւ կրծքավանդակի վիրավորում, վերջույթների բազմաթիվ բեկորային վնասումներով:
Իսկ թե երեկվանից հետո ի՞նչ վիճակ է տիրում սահմանամերձ Չինարիում, եւ թե արդյո՞ք հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, Fnews.am-ը փորձեց ստանալ գյուղապետ Անդրանիկ Սողոյանի մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում նշեց.
-Աղջիկ ջան, ոչինչ մեր զինվորները կլավանան, կապաքինվեն, շատ մի մտածեք: Ձեզ համար հանգիստ Երեւանում ապրեք: Մենք թիկունքը պահում ենք: Մեզ համար էս կրակոցները սովորական են դարձել: Հակառակորդը իրա քննությունն ա հանձնում հերթական. ոչինչ, նա մեզ չի կարա բան ասի: Մենք մեր կողքին ունենք հզոր ու մարտունակ բանակ, իսկ մեր բանակն էլ սարի պես մեր մեջքին կանգնած ա: Խուճապ առաջացնելու ու խուճապի մատնվելու խնդիր չկա: Հանգիստ ձեզ համար ապրեք, մենք սրանց ձեռագիրը լավ գիտենք: Բայց մի մտածեք, մենք միասնական ենք, ու կանգնած ենք մենք հայրենիքի պաշտպանության համար:
Նոնա Ադամյան
