«Չկա մի անհատ, ով կարող է առաջադրվել». Արամ Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների հետզրույցում նշել է, որ այսօր հանրության 90 տոկոսը և ավելին ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին, և չկա մի անհատ, ով կարող է առաջադրվել: «Իմ կարծիքով յուրաքանչյուր կողմ կարող է յուրովի գնահատել երեկվա տեղի ունեցածը, ես նույնպես այն բանակցություն չէի անվանի, որովհետև, բանակցության խնդիր չկար: Իմ մոտեցմամբ կարող եմ ամրագրել այն, որ երեկ կողմերը փորձեցին ճշտել իրենց կարծիքները, բոլորն էլ հասկացան, որ քաղաքական ճգնաժամ կա, լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և ժամկետների մեջ էր, որ կար հակասություն»:
Արամ Սարգսյանի խոսքերով՝ մյուս քաղաքական ուժերը պնդում էին, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են պետք և ժամանակ է հարկավոր:
«Այս կասկածելի իրավիճակը, երեկվա ընտրությունը, առանց մեզ ու դաշինքի անդամներին տեղյակ պահելու երեկոյան ժամին անցկացնելը, որոշակի խնդիրներ և կասկածներ են առաջացնում, և այս իրավիճակը վտանգավոր եմ համարում»:
Այն հարցին, թե ճիշտ է համարում արդյոք ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը, Արամ Սարգսյանը նշեց, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա, և դրա շուտափույթ լուծումը շատ ավելի շահեկան է, քան մի փոքր ավելի երկար ընտրական օրենսգքրի վրա աշխատելը:
