Չսպիացող 7 վերքի քաղաքը․ Աղետալի երկրաշարժի 26-րդ տարին.VIDEO
26 տարի է անցել 88 թվականի աղետալի երկրաշարժից, սակայն Գյումրին և երկրաշարժից տուժած մյուս համայնքները մինչ օրս էլ աղետի գոտի են հիշեցնում:
Գյումրիում մինչև հիմա հազարավոր ընտանիքներ ապրում են տնակներում, որտեղ տարրական կենցաղային պայմանները երազանք են բնակիչների համար:
Սով, գործազրկություն, 46 տոկոս աղքատություն, Ձմեռ պապիկի մասին պատկերացում չունեցող և միայն տաք գուլպաների ու կոնֆետի մասին երազող երեխաներ: Այսպիսին է Գյումրին երկրաշարժից 26 տարի անց: Եվ որքան էլ տարօրինակ է՝ տարեցտարի այս վիճակն ավելի է վատանում՝ բարելավվելու փոխարեն: Տարեցտարի ավելանում է տնակներում ապրողների թիվը, այդ ընտանիքներից նոր ընտանիքներ են ձևավորվում, որոնք էլ կա՛մ արտագաղթում են, կա՛մ տեղափոխվում այլ տնակ: Եվ ոչ մի հույս, որ երբևէ կապրեն բնակարանում:
Տնակային ավաններում տաքանալու համար մարդիկ վառում են ինչ պատահի՝ տոլ, արկղեր, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր, հնացած կոշիկներ, երբեմն էլ՝ փայտ, եթե բարի մարդիկ են լինում և օգնում են: Որոշ տնակներում անգամ բնակիչների մաշկի գույնն է փոխվել վառելանյութերի արձակած ծխից:
Ստեղծված պայմաններից, խոնավությունից, թերսնումից, ցրտից տնակներում ապրող երեխաների մեծ մասը ձեռք է բերել ամենատարբեր հիվանդություններ: Մեզ հետ զրույցում մարդիկ պատմում էին, որ տնակներում ապրող երիտասարդների մեծ մասը բանակ չի գնում, քանի որ զորակոչային տարիքում արդեն մի քանի հիվանդություն են ունենում: Իսկ մանկահասակ երեխաները տառապում են ամենատարբեր հիվանդություններով: «Կռիսների, փայտոճիլների մեջ, ցուրտ ու սոված, կիսահագնված վիճակում երեխան ի՞նչ առողջություն պետք է ունենա: Սա է մեր կյանքը»,- արցունքներն աչքերին պատմուն էին տնակային ավաններում ապրող ընտանիքների մայրերը: Եվ որքան էլ անտրամաբանական է, տնակներում ապրող ընտանիքների մեծ մասը բազմազավակ է՝ 4-5, երբեմն էլ 6 երեխա ունեն:
