«Չսպիացող վերքեր...» ԱԼԻՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Տարիներն անցնում են,բայց վերքերը չեն սպիանում...
Կարմիր կակաչները եկեք սևով ներկենք․․․ Մեր հոգու սևով, այն սևով, որն էլ դժվար սպիտակի․․․
Հայ մայրն իր որդուն բանակ էր ճանապարհել… Ճանապարհել էր բաց աչքերով, բայց որդին աչքերը փակած տուն դարձավ․․․ Իսկ հիմա մայրը ցավից ուզում է իր աչքերը հանել․․․ Աշխարհի խելոքներ, Ձեզնից ո՞վ կարող է բացել նրա տղայի աչքերը․․
Զինվորի ձեռքերը գնալուց առաջ տաք էին․․․ Իսկ հիմա մայրն իզուր է փորձում տաքացնել․․․
Զինվորը մի րոպե առաջ շնչում էր այն օդը, որն այս պահին անտեր է մնացել․․․ Նրա օդն էլ շնչող չկա․․․ Մնաց առանց տեր։
Զինվորը երազանքներ ուներ, ուզում էր ինքն էլ զինվորի հայր դառնալ․․․ Իսկ նրա ապագա զինվորը չծնվեց հանուն Ձեզ․․․ Չծնվեց, որովհետև հայրը նախընտրեց մեռնել Ձեզ համար։ Նա ու իր ապագա որդին չապրեցին, չապրեցին, որ դուք ու Ձեր որդիներն ապրեք։
Զինվորն ուզում էր իր վերադարձին մի լավ խմել հոր հետ․․․ Իսկ խեղճ հայրը հիմա մենակ է խմում․․․ Որդու բաժակը դատարկ է։
Զինվորը չվարանեց գնալուց առաջ․․․ Դուք միշտ մտածում եք բարություն տալուց առաջ, իսկ նա առանց մտածելու կյանք տվեց․․․ Նա իր կյանքը փռեց Ձեր ոտքերի տակ, իսկ դուք կռացեք, վերցրեք այն ու դրեք Ձեր գլխին։ Ամբողջ կյանքում Ձեր գլխին պահեք նրա կյանքը։
Զինվորը կռվեց, կռվեց իր հող ու ջրի համար։ Զինվորը չէր ուզում, որ իր հողի ջուրը թշնամին խմի։ Ջուրը հայինն է, հողն էլ հայինն է, և անգամ այն օդը, որը մեր հողում է։ Մեր օդի տերն էլ մենք ենք։ Ու մեր հերոսները տեր կանգնեցին մեր հայրենի օդին։
Զինվորն ընկավ, ընկավ առանց ծնկելու․․․ Ընկավ, բայց թույլ չտվեց իր հայրենիքին ծնկի գալ։ Զինվորը հպարտ էր, ու հպարտ պահեց նաև իր հայրենիքին։
Գնացեք ու համբուրեք նրա մոր ձեռքերը․․․ Ի նշան երախտիքի․․․ Նա իր հերոսին իր ձեռքերի վրա էր պահել, իսկ դուք համբուրեք այդ հերոս գրկած ձեռքերը։
Հերոսացեք՝ դիպչելով հերոսի մոր հերոսական ձեռքերին․․․




Ալինա
