Ցվերիանովի նկատմամբ բռնությունների վերաբերյալ գործով մեղադրյալներ չկան. ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է արդարացված Ալեքսանդր Ցվերիանովի նկատմամբ բռնությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լրազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Քրեական գործը հարուցվել է Ալեքսանդր Ցվերիանովի դիմումի հիման վրա: Նա հայտնել էր, որ 2012 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյաներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ բռնություն գործադրելու միջոցով հարկադրել են խոստովանել տարբեր գողությունների կատարում, որոնց հետ ինքն իրականում առնչություն չի ունեցել:
