Դադարեցվել են «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով քննչական գործողությունները
Մեկուկես ամիս առաջ Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի քննչական գործողությունները դադարեցված են, քանի որ Քննչական կոմիտեն քրեական գործի նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մարզպետի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, ով արդեն վեցերորդ օրն է հետախուզման մեջ է գտնվում, ոստիկանները դեռ չեն հայտնաբերել։
Մոտ մեկ ամիս առաջ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախաքննական մարմնից պահանջել էրՍդղի գյոլի աղմկահարույց քրեական գործի նյութերը՝ ուսումնասիրելու, թե արդյոք ճիշտ քրեական գնահատական է տրվել մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։ Քննչական կոմիտեն, սակայն, նյութերը չէր ուղարկում՝ պատճառաբանելով, որ քննությունն ակտիվ փուլում է, դրա ընդհատումը նպատակահարմար չէ, իսկ դատախազը կարող է գալ և տեղում ծանոթանալ նյութերին։
Սոնա Տռուզյանն այսօր «Ազատության»-ը տեղեկացրեց, որ քրեական գործի նյութերը դատախազություն ուղարկել են երկու օր առաջ:
Դատախազությունից առայժմ չեն պատասխանում, թե ուսումնասիրություններն ինչ փուլում են, և երբ գործի նյութերը հետ կուղարկվեն նախաքննական մարմնին։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ, քրեական գործի նյութերը պահանջելով՝ գլխավոր դատախազ Կոստանյանը ծառայություն է մատուցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։
Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով միջին և ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։
Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով:
2004 թվականին Մայիս Խաչատրյանը դանակի 12 հարվածով սպանել էր 30-ամյա մի երիտասարդի, դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել էր պատժից։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։
