Դանակահարված ԲՀԿ-ականի կինը խոսել է միջադեպի մասին.(տեսանյութ)
Երեկ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանի առողջական վիճակը բավարար է, վիրահատությունը բարեհաջող է անցել։
Այս մասինTert.am-ի հետ զրուցում ասաց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը։
«Հիվանդը երեկ է տեղափոխվել մեզ մոտ՝ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, վիրահատությունից հետո հիվանդն իրեն լավ է զգում, առավոտյան տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատում ենք բավարար»,-մանրամասնեց նա։
Միքայել Մանուկյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել հետվիրահատական հնարավոր բարդությունների մասին, բայց խորը համոզում ունեն, որ բարդություններ չեն լինելու։
Աբրահամ Ադամյանին տեսանկարահանել հիվանդանոցում թույլ չտվեցին, նա քնաբերի ազդեցության տակ էր։
Tert.am-ի հետ զրուցում երիտասարդ ԲՀԿ-ականի կինը՝ Գայանե Գրիգորյանը, նշեց, որ հարազատները մանրամասների չեն տիրապետում չեն կարող հստակ ասել՝ վեճը քաղաքակա՞ն պատճառով է եղել, սադրողները հանրապետականնե՞րն են, կամ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարազատները։
«Հիմնական պատճառ չի եղել, ուղղակի թեթև վիճաբանություն է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կոնկրետ չենք կարող ասել՝ ինչ պատճառով, ամուսինս պիտի պատմի, իրեն դեռ լավ չի զգում, չի կարողանում ասել»,-շեշտեց նա։
Գայանե Գրիգորյանը նաև ընդգծեց, որ դանակով հարվածողի հետ բարեկամական կապ ամուսինը չի ունեցել, ոչ էլ մտերիմ է եղել։
մանրամասն՝այստեղ:
