Դանակի 30 հարվածով սպանված կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբանի ցանկությունը
Panorama.am-ը գրում է.
Դանակի երեսուն հարվածով կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին սպանելու համար մեղադրվող Արտակ Առաքելյանի գործով դատավարությունը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դեռ չի մտել դատաքննության փուլ. հունվարի վերջից մեկնարկած դատական նիստերը արդեն մի քանի անգամ հետաձգվել են: Հաջորդ նիստը նշանակված է մարտի 2-ին:
Արտակ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ «խանդի շարժառիթով» և «ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ» 2015-ի սեպտեմբերի 27-ին գնացել է Մալաթիա շուկային կից վարագույրների խանութ, որտեղ աշխատել է նախկին կինը, և իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ՝ 30 հարված է հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Հեղինեն մահացել է: Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում:
Հեղինեի իրավահաջորդ քրոջ՝ Քրիստինե Դարբազյանի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաքննության առաջադրած վարկածի հետ տուժող կողմը համաձայն չէ:
«Սահմանափակ քննություն է տարվել շարժառիթի հետ կապված: Անհավատարմության մասին խոսք լինել չէր կարող, այդ ուղղությամբ բացարձակապես քննություն չի տարվել: Մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքը բացարձակ մեղադրյալի ենթադրությունն է: Բազմաթիվ մարդիկ կային, որոնք կարող էին քննությանը լուրջ վկայություններ ներկայացնել: Բայց քանի որ քննությունը այդ ուղղությամբ խորացած չի եղել, և դրա համար էլ քննիչին չի հետաքրքրել այլ անձանց հարցաքննելը: Արդյունքում կազմվել է ենթադրությունների հիման վրա կազմված մեղադրական եզրակացություն», -հավելեց փաստաբանը:
Ըստ տիկին Սաֆարյանի, քննիչին բավարարել է միայն այն հանգամանքը, որ Առաքելյանը կատարել է սպանություն, կազմվել է մեղադրանքը ու այդպես ուղարկվել դատարանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
