Դառը եւ անուշ ՀՅԴ-ն
Մի ժամանակ, երբ Գալուստ Սահակյանը ԱԺ-ում առաջարկել էր «տոնայնությամբ» քվեարկել, ժամանակավորապես ընդդիմադիր դարձած մի ՀՅԴ-ական, ով հետո հանկարծ «գերմանացի» դարձավ, խիստ վրդովվել էր այդ առաջարկից: Փաստորեն, ըստ ՀՅԴ-ականների՝ մեր ԱԺ-ին տոնայնություններ պետք չեն, սակայն համային հատկանիշներ պետք են: Վերջին՝ համային հատկանիշների մասին «հայտնագործությունը» պատկանում է դաշնակցական ծանր հրետանի Աղվան Վարդանյանին, ով օրերս կծու, թթու, լեղի համերի շարքում իրենց խմբակցության հաղորդած համը բնորոշել է որպես դառնանուշ:
Ընդհանուր առմամբ տերմինն, ընդունելի է, սակայն որոշ ճշտումներ է պետք անել: Բանն այն է, որ ՀՅԴ-ի դեպքում «դառնանուշ»-ի մեջ «դառն»-ի և «անուշ»-ի չափաբաժինները 50/50 չեն, այլ հիմնական մասը հենց դառն է, իսկ անուշը՝ շատ փոքր տոկոսը, որը երբեմն արանքներում դրսևորվում է: Օրինակ, նախորդ տարի փառապանծ ՀՅԴ-ականներից մեկը, ով տարիներ առաջ էլ դառը կոալիցիայի կազմում ԱԺ փոխնախագահի դառը պաշտոնն էր զբաղեցնում, ժամանկավորապես անուշացավ, սկսեց ՀՀԿ-ականներին դալաններում ծեծելու մասին խոսել, Էդվարդ Նալբանդյանին քննադատել: Իսկ հետո էլ միանգամից նորից դառնացավ՝ դառնալով նույն Էդվարդ Նալբանդյանի ենթական՝ հանուն Գերմանիայի:
Այնպես որ համեղ պատրաստող խոհարարներ ՀՅԴ-ից երբեք դուրս չեն գա, նրանց պատրաստած սնունդն էլ երբեք չի մատուցվի բարձրակարգ սննդի օբյեկտներում: Լավագույն դեպքում այն կլինի միայն «Մեղեդի» սրճարանում:
Արտյոմ Եդիգարյան