Դատապարտյալների հարազատները սպառնում են...
Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրն անժամկետ հացադուլ անող 50 ցմահ դատապարտյալների հարազատները, ովքեր պահանջում էին վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել: «Տղաս արդեն չորրորդ օրն է՝ հացադուլ է անում, մենք էլ կնստենք և հացադուլ կանենք, Լիսկայի տղեն ազատության մեջ ա, էդքան բան արեցին, իսկ մեր տղաները, ամուսինները դժբախտ դեպքի պատճառով անազատության մեջ են։ Պահանջում եմ, որպեսզի այդ 50 հոգու գործերը վերանայվեն, եթե ոչ, Կառավարության դիմաց այնքան եմ նստելու, մինչեւ որ մեր պահանջը կատարվի»,-Fnews.am-ի հետ զրույցում նշեց 12 տարի առաջ ցմահ ազատազրկված Արթուր Քոչարյանի մայրը՝ Ֆենյա Քոչարյանը: Ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ իրենց հետ բերել են հետեւյալ գրությամբ պաստառներ՝ «Որդուս դատապարտողն այսօր դատապարտյալ է», «Պարո՛ն Կոստանյան, վերանայե՛ք, ուղղե՛ք նախորդի սխալը», «Վերանայեք ցմահիս գործը», «Արմեն Չատինյան, ես դեռ 27-տարեկան եմ», «Արդարություն», «Մահապատիժը գործում է», «Պատասխանեք ցմահ հացադուլավորների պահանջին»:
