Դատապարտյալը «պատժվեց» «զոն նայողի» կողմից. վերջինիս պատժի հարցով կզբաղվի արդեն դատարանը
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտավազդ Գոհարյանի մահը սկզբնապես որակվել էր որպես «դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել», այն է՝ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սակայն հետագայում որակումը փոխվել էր, և դեպքը որակվել էր որպես դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Մահվան հանգեցրած ծանր վնասվածք հասցնելու մեջ մեղադրվում է նույն ՔԿՀ դատապարտյալ, ՔԿՀ-ում որպես «քրեական հեղինակություն», այսպես կոչված՝ որպես «զոն նայող» ճանաչված Անդրանիկ Մկրտչյանը:
Վերջինս Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից, որտեղ Մոսկվայի մարզի Կլիմովսկի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Հայաստանում՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա կատարած արարքը 2011 թվականի փետրվարի 25-ին համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել, և 66-րդ հոդվածի 4-րդ կետին՝ հոդվածը սահմանում է հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու դրույթներ:
Քրեակատարողական հիմնարկում 2014 թվականի սկզբից մինչև 2015 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Անդրանիկ Մկրտչյանը դատապարտյալների շրջանում հսկում էր դրությունը, լուծումներ տալիս նրանց միջև առաջացած վիճելի և այլ հարցերի, անհրաժեշտության դեպքում, երբ գտնում էր, որ դատապարտյալները սխալ արարքներ են կատարել կամ սխալ վարքագիծ դրսևորել, պարզապես «պատժում» էր, ծեծի ենթարկում նրանց:
Տուժող Արտավազդ Գոհարյանը նույնպես դատարանի 2007 թվականի ապրիլի 17-ին դատավճռով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է՝ առանձին դաժանությամբ սպանության մեջ: Դատապարտյալը 2007 թվականի հունիսի 14-ից իր պատիժը կրելով «Կոշ» Քրեակատարողական հիմնարկում՝ կատարել է տարբեր տեսակի տնտեսական, շինարարական և կենցաղային բնույթի այլ աշխատանքներ դատապարտյալների բնակելի գոտում, ինչպես նաև «քրեական հեղինակություն» համարվող դատապարտյալների, այդ թվում՝ Անդրանիկ Մկրտչյանի համար:
մանրամասն՝pastinfo.am-ում
