Դատարանից ոստիկանություն ճանապարհին կալանավորն ստացել է մարմնական վնասվածքներ
Փաստինֆոն գրում է.
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Նարեկ Մամիկոնյանի մոտ ոստիկանության Աշտարակի բաժնի ՁՊՎ ընդունման պահին հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, ավելի կոնկրետ՝ աջ ծնկի սալջարդ և գլխի ձախ քունքային շրջանի քերծված վերք:
Այս մասին Արագածոտնի ՔԿ մարզային վարչությունից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանները կալանավորին դատարանից ոստիկանություն տանելու ճանապարհին ենթարկվել են վթարի, ինչի հետևանքով էլ վերջինը վնսվածքներ է ստացել:
Վարկածը, սակայն, վերջնական չէ: Թե ինչ է կատարվել իրականում կպարզվի արդեն քննության արդյունքում: Իսկ թե որ քննչական մարմինը կքննի գործը՝ Քննչական կոմիտեն, թե Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը դեռ պետք է որոշի:
Ի դեպ, նշենք, որ վնասվածքներ ստացած կալանավոր Նարեկ Մամիկոնյանը մեղադրվում է ՀՀ Քր.օր 268 հոդ. 2-րդ մասով նախատեսված արարքի համար, այն է՝ խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը: Նարեկ Մամիկոնյանը 27 տարեկան է:
