Դատարանում հրապարակվել են Երեւանի նախկին ոստիկանապետի եւ նրա որդու ցուցմունքները
Փաստինֆոն գրում է. Ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով այսօրվա դատական նիստում հրապարակվեցին գործով վկաներ, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ու նրա որդու՝ Արմեն Նազարյանի նախաքննական ցուցմունքները: Նրանք Հայաստանի Հանրապետությունում չեն և հնարավոր չի եղել ապահովել նրանց ներկայությունը դատարանում:
Այսպես, ըստ Արմեն Նազարյանի նախաքննական ցուցմունքի՝ ինքը երեք ընկերությունների սեփականատեր է, երբեք գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ոչ պարտքով, ոչ առանց դրա գումար չի տվել:
Վկային վիրավորել է քննիչի հարցը՝ տոկոսով գումար տալու մասին, նա հայտարարել է, որ ինքը հաջողակ բիզնեսմեն է և ոչ թե վաշխառու: Վկան ընդգծել է նաև, որ Արթուր Անդրեասյանը որևէ կապ չունի իր փոխանակման կետերի բիզնեսի հետ:
Երևանի նախկին ոստիկանապետն իր հերթին նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ տարբեր քաղաքացիներին Արթուր Անդրեասյանի պարտքի մասին ինքը տեղեկացել է մամուլից ու քննությունից:
Ն.Նազարյանը նշել է նաև, որ ինքը բիզնեսով չի զբաղվել, և որ Արթուր Անդրեասյանը որևէ կապ չի ունեցել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի փոխանակման կետերի հետ:
Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին ու նրա որդուն դատարանը ևս մեկ անգամ կծանուցի, մի շարք վկաներ էլ բերման կենթարկվեն դատարան:
Այսօրվա դատական նիստում հրապարակվեցին նաև տուժող Թաթուլ Քամալյանի նախաքննական ցուցմունքները: Տուժողը նշել էր, որ Արթուր Անդրեասյանը լավ հարաբերությունների մեջ էր Ներսես Նազարյանի որդու հետ, զբաղվում էր «Մոսկվիչկա» սուպերմարկետների փոխանակման կետերով:
Տուժողը հայտնել է, որ Արթուր Անդրեասյանը 2012թ. իրենից ու տուժող Արթուր Քոչինյանից մի քանի ամսով 30 մլն. դրամ գումար է խնդրել: Ինքը տվել է 11մլն, իսկ Քոչինյանը՝ 15 մլն դրամ՝ անտոկոս:
Հետագայում Արթուր Անդրեասյանն ասել է, որ ինքը սնանկ է, սակայն հավաստիացրել է, որ պարտքով վերցված գումարները հաստատ կվերադարձնի:
