Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` 3-րդ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշել էր, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հստակ չէր` ինչի հիման վրա է Արթուր Մկրտչյանը նշանակվել սույն գործով դատավոր:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը՝ այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահն իրավունք ուներ իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկին:
«Մեզ համար այդ պատճառաբանությունն ընդունելի չէ, սակայն մենք հիմա սա ոչ կարող ենք բողոքարկել, ոչ էլ մեկ այլ միջոց ձեռնարկել: Ստիպված ենք տվյալ դատավորի հետ քննարկել այս միջնորդությունը, իսկ այժմ հայտարարվել է ընդմիջում»,-ասաց Ալումյանը:
