Դատախազը «Դոգի» համար 4 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում
News.am-ը գրում է .
Շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ մեղադրվող, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանի (Դոգ) համար մեղադրողը 4 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջում: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր մեղադրական ճառում ասաց մեղադրող Վահագն Պողոսյանը:
Նույն գործով մյուս մեղադրյալներ Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի համար մեղադրողը պահանջեց 4 տարվա ազատազրկում:
Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց մեղմ պատիժ սահմանել մեղադրյալների նկատմամբ եւ համաներմամբ ազատել նրանց պատժից՝ պատճառաբանելով, որ նրանք ընդունել են իրենց մեղքը, պատրաստ են ազատության մեջ ուղղվելու: Վարդան Ղուկասյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ զարմացած է դատախազության խիստ մոտեցումից:
«Զարմացած եմ մեղադրողի անմարդկային եւ դաժան պատժաչափի պահանջի վրա: Ես 15 տարի աշխատել եմ պաշտպանության բանակում եւ ոչ մի անգամ ոչ մի տիպի հանցագործություն չեմ կատարել: Հայաստանի Հանրապետության համար ես միայն դրական ծառայություն եմ մատուցել»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ դատարանին հիշեցնելով, որ իր խնամքին հաշմանդամ մայր կա:
Դատարանը հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստին մեղադրյալները հանդես կգան վերջին խոսքերով:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է, մեղադրյալներից Արթուր Մարգարյանի եւ Հովհաննես Եսայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսին կազմակերպել եւ ղեկավարել է Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի կողմից հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամի շորթումը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վարդան Ղուկասյանը 2013 թվականի օգոստոսի սկզբին հյուրանոցային համալիրի վարձակալ Աստղիկ Շաքարյանից գումար շորթելու դիտավորությամբ իր մտերիմ Հովհաննես Եսայանին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:
Տեսանյութերը պատրաստելուց հետո Վարդան Ղուկասյանի ցուցումով Հովհաննես Եսայանը եւ իրենց ընկեր Արթուր Մարգարյանը նույն ամսին սրճարաններում հանդիպումներ են ունեցել Աստղիկ Շաքարյանի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամ` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ, այն է` Աստղիկ Շաքարյանին վերագրվող` այլ անձանց` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տեսանյութեր:
Աստղիկ Շաքարյանի կողմից գումարի չափը սակարկվելուց հետո Վարդան Ղուկասյանի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Եսայանը պահանջել եւ 2013թ. օգոստոսի 22-ին եւ 23-ին բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 500 հազ. ՀՀ դրամ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Արթուր Մարգարյանին եւ Հովհաննես Եսայանին:
