Դավիթ Բաբայան. Ադրբեջանը նորից անցնում է մշակված խավիարային դիվանագիտության ռազմավարությանը
ԵԽԽՎ-ն բվական բացահայտ կերպով ադրբեջանամետ դիրքորոշում է դրսեւորում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԽԽՎ ներկայացուցիչ Մելիչա Մարկովիչի հանդիպումը:
«Ադրբեջանում վերջին ժամանակներս սարսափելի բաներ են կատարվում մարդու իրավունքների ոլորտում: ԵԽԽՎ-ն կառույց է, որը կոչված է արձագանքել, նրա պասիվ կեցվածքը նշանակում է, որ Ադրբեջանը նորից անցել է իր կողմից վաղուց մշակված խավիարային դիվանագիտության ռազմավարությանը՝ օգտագործելով եվրոպացի պաշտոնյաների գաստրոնոմիական նախընտրությունները»,-ասել է Դավիթ Բաբայանը:
Մեկնաբանելով Սարսանգի ջրամբարին եւ «Ադրբեջանի սահմանամեձ բնակավայրերի բնակիչների խմելու ջրից զրկելու» մասին հայտարարությունը, Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ հայկական կողմը չի կարող թույլ տալ, որ թշնամաբար տրամադրված պետությունը հնարավորություն ստանա ոտնձգություն կատարել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ջրային անվտանգության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ Քարվաճառից սկիզբ են առնում գտեր, որոնք լցվում են Սեւանա լիճը, եւ դրանք ապահովում են Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը:
