Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին այսօր այցելել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինը լրագրողներին հայտնել է, որ նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։
Պատգամավորը վստահ է, որ Բաղրամյան պողոտան այսօր՝ հուլիսի 6-ին, ցուցարարներից ազատվել է Բաղրամյան 26-ի հրահանգով։ Նա վստահեցրեց, որ ցուցարարները բռնի կերպով են բերման ենթարկվել, ինչն, ըստ նրա, դատապարտելի արարք է։
«Այս երկրում բոլոր հրահանգները Բաղրամյան 26-ից են գալիս։ Բոլորս ականատես եղանք որ ցուցարարները բռնի կերպով են բերման ենթարկվել։ Ես միշտ դատապարտում եմ բռնությունը»,- լրագրողներին ասաց նա։
