«Դեմ եմ որևէ օտար «սապոգի» տեղակայման մեր շփման գծում»
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ մեր բանակի պրոֆեսիոնալիզմը շատ բարձր է, որի արդյունքում՝ եթե մենք տալիս ենք 5 զոհ, ադրբեջանական կողմը տալիս է 25 զոհ, բայց, ըստ նրա՝ դա ոչ մի արդյունք չի տալիս այս իրավիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ հայկական կողմը պետք է անի այնպիսի գործողություններ, որոնք խաղաղություն կտրամադրեն:
Ըստ նրա՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու իմաստով՝ ողջունելի է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ սեղանին կդրվի զինադադարի նոր պայմանագիր. «Այդ հայտարարության մեջ կային կանխարգելիչ տարրեր, ու հիմա արդեն 4 օր է՝ մենք նրա այդ հայտարարության արդյունքը տեսնում ենք»:
Նրա խոսքով՝ պատրանքներ են հայ որոշ փորձագետների այն մոտեցումները, որ ադրբեջանցիները պատերազմ չեն անի փողի պատճառով. «Ալիևը փողը չի ափսոսա պատերազմի վրա, նա հենց փողը կուտակում է պատերազմի համար»:
