Դերասանուհուն դեռ չեն վիրահատել, գումարը կիսով չափ հավաքվել է
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանին դեռ չեն վիրահատել, պատճառը՝ հարբուխն է, Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջուլիայի մայրը՝ տիկին Լաուրան. «Հարբուխ ունի, այժմ չի կարելի վիրահատել, պետք է սպասենք այնքան ժամանակ մինչև ամբողջովին կլավանա: Բայց այնպես է, որ պետք է շտապ վիրահատության ենթարկեն»: Հիշեցնենք, որ հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ մեքենայում բացի Ջուլիայից նաև այլ մարդիկ են եղել, սակայն տուժել է միայն դերսանուհին, մեքենան շուրջ 200 մետր ձորն է գլորվել:
Դերասանուհու վիրահատության համար դրամահավաք է սկսվել: «Գումարն էլ դեռ ամբողջովին չի հավաքվել, մարդիկ իրենց հնարավորությունների սահմանում փոխանցել են գումար, երբ գա վիրահատության օրը, մենք էլ վրան կավելացնենք, կարծում եմ մի ելք կգտնվի ու վիրահատությունը կլինի»,-ասաց տիկին Լաուրան: Թե որքան գումար է հավաքվել, տիկինը դժվարացավ նշել: Մայրը նշեց, որ դուստրը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ ոտքի մատերն են կոտրված, ողնաշարն է վնասված, սակայն ամենակարևոր վիրահատությունը ողնաշարի հետ է կապված: Դերասանուհին գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում:
«Էրեբունի» ԲԿ-ի մամուլի Խոսնակ Շուշան Հունանյանը տեղեկացրեց.«Ողնաշարի վիրահատության համար պետք է երկաթյա դետալ գնեն, որ վիրաբույժները կարողանան վիրահատել և այն տեղադրել ողնաշարի մեջ: Դետալի գինը մոտ երկու միլիոն դրամ է, որը վաճառում են միայն հատուկ կազամակերպություններ, հետևաբար վիրահատության ձգձումը կախված չէ «Էրեբունի» ԲԿ-ից: Վիրահատության գինը 400 հազար դրամ է, որը ԲԿ-ն պատրաստ է ստանալ նաև վիրահատությունից հետո, երբ կլուծվեն ԱՊՊԱ-ի հետ կապված հարցերը»,- նշեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակը:
