Դե որ Մուրադն ես՝ուրեմն Սթափվի'ր
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանին բնավ դուր չեն գալիս այն հարցադրումները, որոնք որ վերաբերում են իր որդիների անվան հետ կապվող քաջագործություններին ու հերոսություններին:
Եւ երբ խորհրդարանում, փորձեցինք Մուրադ Մուրադյանից ճշտել, թե ինչո՞վ են զբաղված իր երկու «հրաշագործ» որդիները, որոնցից մեկին՝Նվեր Մուրադյանին (ըստ մամուլում տեղ գտած լուրերի ձերբակալել էին Բելառուսում ), իսկ ահա մյուս որդին, ով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, (անտառահատումների հայտնի դեպքերի հետ կապված), դարձյալ ուշադրության կենտրոնում էր հայտնվել, Մուրադյանը միանգամից ափերից դուրս եկավ, ու ձայնը գլուխը գցելով բարձրաձայնեց.
-Իմ որդիների՞ն խի կպար, ա՜յ քեզ բան: Հիմա էլ ինձ կպա՞ր, ես վռազ եմ, վռազ, հետո, հետո կխոսանք:Մորթիր էլի՝ սաղին հարց ես տալի:Գնա՝ նորմալ հարցերով արի:
-Արդեն եկա: Ճի՞շտ են այն խոսակցությունները, որ պաշտոնի ակնկալիքներ ունեք՝ քաղաքական վերադասավորումների կոնտեքստում:
-Ա՜յ քեզ բան, ռեվիզիա ե՞ս , ընձնից ի՞նչ ես ուզում: Իմ տղեն Բելառուսում մի քանի հատ փամփուշտ… չգիտեմ ինչ պատմություն եղավ, եկել հիմա բզբզում ե՞ս:
-Ի՞նչ փամփուշտ, ի՞նչ պատմություն, կմանրամասնե՞ք:
-Իյա՜, խոսքերիցս ես բռնո՞ւմ, ես վռազ եմ,վռազ, ես գնում եմ քվերակության, նիստերի դահլիճում ինձ են սպասում:
-Բայց քվեարկությունը արդեն ավարտվեց: Խորհրդարան գալիս եք միայն քվերակելո՞ւ համար, թե՞…Պատգամավորը խորհրդարանում պետք է զբաղվի օրենսդրական գործունեությամբ՝ նաեւ:
-Ի՜, դու ինձ եկել աշխատցնել ես սովորացնում:
-Ես Ձեր գործի բնույթի մասին եմ ընդամենը Ձեզ հիշեցնում:
-Հա եղավ, հիմա կթողե՞ս գնամ: էս ինչ ես փորում, հա փորում, ի՞նչ ես ուզում գլխիս հանես ես չգիտեմ:Փորձանք ե՞ս:
-Ես ըմբռնումով եմ վերաբերում Ձեր էմոցիաներին…Դուք իմ հարցին պատասխանեք: Գործադիրում աշխատանքի անցնելու ակնկալիքներ ունե՞ք, թե՞ ոչ:
-Հլը, հլը հարցերը նայի, ես քո հարցերին չեմ պատասխանի: Քո հետ էլ չեմ խոսում .գնա, գնա, ես Մուրադն եմ, դու ինձ էդքան մի քչփորի: Ինչ ես եկել. տղերքդ սենց-նենց: Էս ինչ ես դուրս եկել՝ իմ վրա:
-Պարոն Մուրադյան, դուք իմ հարցին պատասխանեք`խոսքը կտուրը գցելու փոխարեն:
-Դու եկել խոսք ես քաշում ընձնից. ի՞նչ պատասխանեմ: Դու կարող ա՞ եկել ես ինձ հունից հանես: Հա ինչ, իմ տղեն անտառի, ծառահատումների հետ կապ ունե՞ր, էդ ե՞ս ասում, ինքը էդ ժամանակ արձակուրդում էր:
-Ես առայժմ Ձեզ եմ հարցնում.կապ ունե՞ր, թե՞ չուներ:
-Հա դե ասեցի, տղես կապ չունի: Ասեցի արձակուրդում ա եղել, դե հիմա դու էլ գնա ճշտի՝ տեղակալն ուր ա: Բա խի ա՞ փախել:
-Հասնում էինք այդ հարցին:
-Արդեն շատ փորիր հա: էդ սաղ գիտես՝ եկել ես էլ ինձ ի՞նչ ես խոսցնում:
-Ես Ձեզ չեմ խոսացնում, ես Ձեզ հարց եմ ուղղում: Հետո էլ դժգոհում եք, որ Ձեզ հնարավորություն չեն տալիս արտահայտվելու, եւ այլն, եւ այլն: Մեկնաբանեք Ձեր անվան հետ կապվող տեղեկությունները, ինչու՞մն է խնդիրը:
-Դու ինձ ուզում ես քաշե՞ս…
-Բայց ինչո՞ւ եք խուճապի մատնվել՝ մի անմեղ հարցից: Ի՞նչ է պատահել:
-Յանըմ չգիտես ի՞նչ ա պատահել, եկել ինձ ե՞ս խոսցնում: Ես Մուրադն եմ, դու ինձ մի խոսցրա:Դե ներվերս կերար էլի՜: Չափերն անցնում ես, արա…
-Արան դուք եք, եւ երկրորդ՝ Ձեզ կարգի հրավիրեք, ու իմացեք Ձեր տեղը…
-Բայց դու ընձի արդեն հունից հանում ես…էս ինչ բան ա տո, ես Մուրադն եմ Մուրադյան:
-Եւ ինչ. ծափ պիտի տա՞ն Ձեզ տեսնելիս:
-Կայֆ ե՞ս բռնում:
-Ձեզ հարց եմ ուղղում, եւ ակնկալում էի հոդաբաշխ պատասխաններ լսել՝ հայրենի պատգամավորից:
-Դու չգիտե՞ս՝ ես ով եմ:
-Իսկ ո՞վ եք:
-Ես ՝Մուրադն եմ Մուրադյան:
-Կներեք, բայց դա դեռ ոչինչ չի ասում:
Հ .Գ
Դե որ Մուրադն ես՝ ուրեմն շտապի մեջ՝ Սթափվի'ր:
Ի վերջո, հիմա դուք պատգամավոր ե՞ք, թե Մուրադ: Մենք էլ գիտեինք թե մանդատավոր եք: Փաստորեն՝այնումենայնիվ Մուրադ եք:
Բա հիմի չբռնես կատաղես՝ ու ՍԹԱՓՎԵՍ...
Գայանե Զարգարյան
