Դժվարանցանելի են Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սիսիան-Սարավան, Մեղրի-Կապան (ուժեղ ձնաբուք), Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, ինչպես նաև Սևան-Գավառ-Մարտունի ճանապարհահատվածը: Հանրապետության բարձրադիր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
