«Դիակը ձեզ հերիք չի՞…». Ինչից է մահացել նոր զորակոչված զինվորը
1in.am-ը գրում է.Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց չորս բժիշկների գործը, ովքեր մեղադրվում են իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել:
Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 21-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը հոսպիտալում մահացել է…
Ամբաստանյալի աթոռին են չորս երիտասարդ բժիշկներ:
42-ամյա Կարեն Ջուլհակյանը կոչումով մայոր է, ՊՆ հավաքակայանի բուժկետում եղել է հերթապահ բժիշկ:
28-ամյա Վարուժան Մանասյանը ծառայել է ՊԲ հավաքակայանում որպես բուժկետի պետ-բուժակ, կոչումով ենթասպա է:
31-ամյա Մհեր Դավիդյանցը ծառայության մեջ է գտնվել ՊԲ զորամասում որպես բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ է:
29-ամյա Արկադի Չախոյանը ծառայության մեջ է եղել ՊԲ զորամասում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով լեյտենանտ է:
Ամբաստանյալ բժիշկների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Դատարանում ցուցմունք տվեց Սահակ Օհանյանը՝ կայազորային զինվորական հոսպիտալի պետը:
Դեպքի պահին նա եղել է այն հոսպիտալի պետը, ուր ընդունվել է տուժողը, և որտեղ նա մահացել է:
Սահակ Օհանյանն ասաց, որ հիվանդին ընդունել է բժիշկ Չախոյանը, նախնական զննում է կատարել, ախտորոշել է՝ հետպատվաստային ռեակցիա, նախնական նշանակումներ են արվել, և հիվանդը տեղափոխվել է հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրա վիճակը շեշտակի կերպով վատացել է:
Օրը շաբաթ է եղել, հոսպիտալում հերթապահ բժիշկը եղել է վերակենդանացման բաժանմունքի պետը, ով էլ ահազանգել է Սահակ Օհանյանին, երբ նորակոչիկի վիճակը կտրուկ վատացել է: Հերթապահ բժիշկը Նորայրին տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, շտապ միջոցներ է ձեռնարկել վերակենդանացման ուղղությամբ, այդ ընթացքում հոսպիտալ է հասել Սահակ Օհանյանը: Նա մեքենա է ուղարկել ինֆեկցիոն բաժանմունքում Նորայրի բուժող բժիշկ Դավիդյանցին և այլ մասնագետների հոսպիտալ հասցնելու համար: Քանի որ այդ օրը շաբաթ է եղել, բժիշկներն աշխատել են մինչև ժամը 14-ը:
Վկան ասաց, որ տեսնելով՝ հիվանդի վիճակը շատ վատ է, զեկուցել է իր վերադասին: Միաժամանակ գիշերվա ժամը 3-4-ին հանձնարարել է Նորայրի հիվանդության պատմությունը կարգի բերել:
Որ Նորայրի հիվանդության պատմությունը լրացվել է այն ժամանակ, երբ նա արդեն շատ ծանր վիճակում էր, այլ ոչ թե նրա բուժումն իրականացնելուն զուգընթաց, վկա Օհանյանը բացատրեց այսպես. «Հիվանդության պատմությունը լրացվել է ընթացքում… Երբ դրված է լինում հիվանդի կյանքի հարցը, անհնար է, որ բուժող բժիշկը մի ձեռքով հիվանդի կյանքը փրկի, մյուսով հիվանդության պատմությունը լրացնի»:
Հոսպիտալ ընդունված նորակոչիկի նկատմամբ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարելու վերաբերյալ հոսպիտալի պետն ասաց, թե կան անհետաձգելի և ոչ անհետաձգելի հետազոտություններ: Հետաձգելին ու ոչ հետաձգելին որոշում է բուժող բժիշկը:
Երբ Սահակ Օհանյանն ասաց, թե Նորայրի նկատմամբ կատարված բուժական միջոցառումները հոսպիտալում եղել են լիարժեք ու անսխալ, հիվանդի վիճակի ծանրությանը համապատասխան, տուժողի իրավահաջորդը՝ Նորայրի հայրը, չդիմացավ ու տեղից ասաց. «Սաղ ստից վկայություններ են տալիս… Հլա իրանց էրեխեն պտի լիներ, տեսնեինք՝ ինչ կանեին…»:
Սահակ Օհանյանն ասաց, որ Նորայրի մահից հետո բժիշկները հոսպիտալում հավաքվել ու «անալիզ» են արել, թե ինչը հանգեցրեց երիտասարդի մահվանը: Նրանք եկել են եզրակացության, որ հետպատվաստային ռեակցիան արյան կազմության փոփոխություններ է առաջացրել, հանգեցրել տրոմբոզի, ինչի հետևանքով Նորայրը ինֆարկտ է տարել ու մահացել ինֆարկտից:
Վկա Օհանյանը շեշտեց, որ յուրաքանչյուր հիվանդություն ունի մահացության տոկոս: Հետպատվաստային ռեակցիան այդ իմաստով լուրջ տոկոս է տալիս ամբողջ աշխարհում: Եվ այդ հիվանդությունից մահացություններ են արձանագրվում նաև եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում…
Պատասխանելով հարցերին՝ վկա Օհանյանն ասաց, որ Նորայրի մոտ լուրջ խնդիրն արտահայտվել է հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքում, ուշ ժամին, բայց այդ խնդիրը կարող էր առաջացած լինել ցանկացած տեղ, մասնավորապես՝ հավաքակայանում:
Հիվանդի կլինիկական ախտորոշումը տրվում է 3 օրվա ընթացքում: Սակայն Նորայրը երեք օր չի ապրել…
մանրամասները` սկզբնաղբյուրում:
