Դինքի գործով նոր մեղադրական եզրակացությունը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետ է ուղարկել
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով թուրք պաշտոնյաների նկատմամբ իրականացված կրկնակի քննության արդյունքում դատախազ Գյոքալփ Քյոքչուն մեղադրական եզրակացությունն ուղարկել էր Ստամբուլի գլխավոր դատախազություն։ Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, գլխավոր դատախազությունից, սակայն, այն հետ են ուղարկել, պատճառաբանելով, թե «դրանում պակաս բաներ կան»։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նախկին 25 պետական ծառայողներ, այդ թվում՝ Հետախուզության նախկին պետ Էնգին Դինչը, պետք է ազատազրկվեն։ Էնգին Դինչի, սպանության շրջանում Տրապիզոնի ոստիկանապետ եղած Ռեշեթ Ալթայի ու նույն ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետ աշխատած Ահմեթ Իլհան Գյուլերին պահանջում են դատապարտել 20-25 տարվա ազատազրկման։ Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում։ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։
