Դինքի սպանությանն առնչություն ունեցած բոլոր պետպաշտոնյաների գործերը միավորվել են մեկ գործում
«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապես Հրանտ Դինքի սպանության գործով պետպաշտոնյաների հանդեպ շարունակվող քննության ընթացքում նոր զարգացում է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Taraf թերթի կայքը:
Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից պետական պաշտոնյաների, այդ թվում՝ սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահի հարցաքննվելու թույլտվությունից հետո Տրապիզոնում շարունակվող պետպաշտոնյաների հարցաքննությունները միավորվել են Ստամբուլում շարունակվող գործի քննությանը:
Այսուհետ Դինքի սպանության մասին տեղյակ լինելու և այն չկանխելու համար մեղադրվող պետական պաշտոնյաների գործերը քննվելու են մեկ հարկի տակ:
Ավելի վաղ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո, Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել էր հարցաքննել մի շարք պաշտոնյաների:
Այսպիսով՝ Թուրքիայի հետախուզության այդ ժամանակվա պետ Ռամազան Աքյուրեքի, Տրապիզոնի ոստիկանապետ եղած Ռեշաթ Ալթայի, Ոստիկանության հետախուզական վարչության ղեկավարներից Էնգին Դինչի, Ֆարուք Սարըի, Էրջան Դեմիրի, Օզքան Մումջուի, Մուհիթթին Զենիթի, Մեհմեթ Այհանի և այլ պաշտոնյաների գործերը կքննվեն մեկ հարկի տակ:
Ստամբուլի դատախազությունը գրություն է ուղարկել Տրապիզոնի դատախազությանը, նշելով, որ այդ գործը պետք է միացվի Ջելալեթթին Ջերրահի և Ալի Ֆուաթ Յըլմազերի նման անունների գործերին:
Տրապիզոնի դատախազությունը դրական պատասխան է տվել և գործն ուղարկել է Ստամբուլ:
Այս որոշումից հետո Դինքի սպանությանն առնչվող բոլոր պետական պաշտոնյաները կհարցաքննվեն Ստամբուլում:
