Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում.2 ոստիկան ձերբակալվել է
«Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում դատարանը երկու ոստիկանի՝ Տրապիզոնի ոստիկանական դեպարտամենտի կոմիսարի օգնական Օզքան Մումջուին և ոստիկանության աշխատակից Մուհիթթին Զենիթին կալանավորելու որոշում է կայացրել։ Հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» կայքը։
Նշենք, որ ավելի վաղ վերոնշյալ ոստիկանները Դինքի սպանության գործով հարցաքննվել էին և ազատ արձակվել, սակայն գործը վարող նոր դատախազը՝ Ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքհալփ Քյոքչյուն, բողոքարկել էր նրանց ազատ արձակելու որոշումը, ինչն էլ, փաստորեն, բավարարվել է դատարանի կողմից։ Ըստ դատախազի՝ Մումջուն և Զենիթը պետք է մեղավոր ճանաչվեն Դինքի սպանության համար։
Նշենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 7 տարի ընթացող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանությանը մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։
Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես, անվտանգության աշխատակիցների շրջանում:
