Դիրքում մահացած Հովհաննեսը հորն ասել էր, որ սպաներին թույլ չի տալիս բենզին գողանալ, լարված են իր դեմ
Ժամկետային զինծառայող, 18-ամյա Հովհաննես Պետրոսյանը ապրիլի 25-ին Իջեւանի զորամասերից մեկի կրակային դիրքում մահացել է գլխի շրջանում ստացած՝ հրազենային երկու վնասվածքից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հովհաննեսի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը՝ բացառելով ինքնասպանության վարկածը:
«Առաջին օրն էլ մասնագետները եկան, իմ ներկայությամբ բացառեցին ինքնասպանության վարկածը՝ ելնելով իր դիրքից, հրացանի դիրքից, բացի այդ՝ գլխի շրջանում ստացած երկու կրակոցից է մահացել, ոնց կարա երկու տեղ խփելով ինքնասպան լինի»,- ասաց Վաչիկ Պետրոսյանը:
Հովհաննեսը, որի մարմինը գտել են իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում, հորը դեպքից օրեր առաջ պատմել է, որ սպաներն ուզում են բենզին գողանալ, ինքը թույլ չի տալիս, այդ պատճառով կոնֆլիկտի մեջ է մտել նրանց հետ:
«Ասեց՝ պապա, գողություն են անում, ընկել են ոտիս հետեւից: Կալոնկեն փակել եմ, ֆռֆռում ա, չի կարում բենզին գողանա, մանթո նայում ա դեմքիս: Ասեց՝ պապ, ավտոս կգնա պազիցիա կմտնի, կմնամ առանց բենզինի, կխփեն»,- պատմեց զինծառայողի հայրը՝ նշելով, որ ինքն անուն առ անուն գիտի այդ բոլոր սպաներին:
Հովհաննեսը 3 ամսվա զինծառայող էր, վարորդ:
