«Ձեր մեղադրանքները անարդարացի են, նվաստ եւ իրականությանը չհամապատասխանող». Լամարա Մանուկյան
Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը՝ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է Էլմիրա Մարտիրոսյանին՝ խոսելով առավել փաստարկված.
Հարգելի Էլմիրա Մարտիրոսյսն ինձ զարմացրել են Ձեր մանրահոգի գրառումները ֆեյսբուքյան հարթակում, այն էլ այն ժամանակ, երբ ես Արարատի մարզում զբաղված էի գիտագործնական կոնֆերանսով, որին դուք հնարավորություն ունեիք անվճար մասնակցելու, անձամբ ինձ հանդիպելու և առերես զրուցելու։ Բայց դուք բազմաթիվ շփման տեսակներից ընտրեցիք սոցցանցերում գրառումներ կատարելու տարբերակը՝ բաց նամակներով հանդես գալու տարբերակը։ Անկեղծ, երկար եմ մտածել՝ պատասխանել Ձեր զրպարտող գրությանը, թե ոչ, բայց գիտակցումը, որ հասարակության յուրաքանչյուր անդամ՝ հատկապես բուժաշխատող, պետք է պատասխանատվություն կրի արտաբերած ցանկացած բառի համար, ես որոշեցի հատվածաբար անդրադառնալ Ձեր հերյուրանքներին։
Եվ այսպես, ուզում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել ի լուր բոլորի, որ լինելով թերապևտ և «Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի» նախագահ, խորին հարգանքով եմ վերաբերվում «իմ թերապևտներին», առողջության առաջնային պահպանման օղակի բոլոր բժիշկներին։ Ավելին՝ ասոցիացիան պարտավորվում է ոչ միայն ապահովել նրանց մշտական մասնագիտական աճն ու զարգացումը, այլև հոգալ աշխատանքային և իրավա-սոցիալական խնդիրների կարգավորման հարցերը։ Նույնիսկ Ձեր կողմից շեշտված հաղորդման ընթացքում ես մի քանի անգամ հարգանքի խոսքեր ուղղեցի Ձեզ և բոլոր թերապևտներին (ընտանեկան բժիշկներին, «առաջնագծում մարտնչող բժիշկներին»), ովքեր ծանրագույն և շատ պատասխանատու աշխատանք են իրականացնում, հատկապես մարզերում։ Ի գիտություն Ձեզ, ես միշտ բարձր եմ պահում բժշկի պատիվը, բարձր եմ գնահատում նրա տաժանակիր աշխատանքը և երբեք չեմ վարկաբեկում ոչ մի բուժաշխատողի։ Մի՞թե թողարկումից պարզ չէր, որ իմ զայրույթը ուղղված էր Մարիամի բացարձակ անտարբերությանը, թե՛ իր անձնական կյանքին, թե՛ իր և երեխաների առողջական խնդիրներին և թե՛ հակասանիտարական պայմաններում հանգիստ ապրելուն։ Հաղորդման ընթացքում Մարիամի կողմից բարձրաձայնվեց, որ ընտանեկան բժիշկը շատ լավն է, բազմաթիվ անգամներ ուղեգրել է ստացիոնար անվճար բուժման, բայց ինքը չի գնացել, բազմաթիվ դեղորայքներ է դուրս գրել, բայց ինքը չի օգտագործել։ Ես էլ այդ ամենը հաստատեցի, որովհետև բոլոր փաստաթղթերը ինձ մոտ էին, նաև նրանք, որոնք դուք ուղարկել էիք ինձ անձնական նամակով։ Ասեմ Ձեզ, ես նույնիսկ չեմ բարձրաձայնել, բայց Ձեր կողմից ներկայացված բազմաթիվ հետազոտություններում և էպիկրիզներում ոչ մի փաստ չկար Մարիամի կրծքագեղձերի արյունաթարախային արտադրության պատճառահետևանքային կապի մասին։ Ուզում եմ փաստել, որ ո՛չ ես, ո՛չ որևէ մեկը չի թերագնահատել Ձեր կատարած ծավալուն աշխատանքը, առավել ևս, ոչ մի վիրավորական կամ անձը նվաստացնող խոսք Ձեր հասցեին չի հնչեցրել։ Մեր՝ փորձագետներիս զայրույթը, ուղղված էր պատկան մարմինների անգործությանը Մարիամի նման ցածր իրավագիտակցություն ունեցող մարդկանց հանդեպ։
Հակառակը, դուք ինձ խիստ վիրավորել եք և զրպարտել, ասելով.
1. որ ես բարձր վարձատրվում եմ «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի կողմից,
2. հուզառատ խոսում եմ, որ ապահովեմ շոու ծրագիրը,
3. այդ թվում թաքցնում եմ կամ լիարժեք չեմ ներկայացնում փաստաթղթերը, որ չփչացնեմ շոուն։
Ձեր մեղադրանքները անարդարացի են և նվաստ, չհամապատասխանող իրականությանը։ Ինչպե՞ս էիք թույլ տվել Ձեզ՝ բժիշկ լինելով, նման անպատասխանատու արտահայտություն անել և խնդրել կամ պարտադրել Ձեր կոլեգաներին նման ստոր մեկնաբանություններ գրել իմ հասցեին, ովքեր ինձ հանդիպելիս գիտաժողովի ընթացքում գլուխները կախում էին և ամոթից լռում։ Դուք այս արարքով նվաստացրեցիք նաև Ձեր կոլեգաներին։ Ձեր մեջ հասունացրել կամ սխալ եք հասկացել, Ձեզ եք ուղղել բացարձակ թյուր, անհիմն, անհեթեթ մեղադրանքներ և փորձել եք պաշտպանվել. ումի՞ց և ինչո՞ւ։ Կրկնում եմ, ես երբեք չեմ վարկաբեկում ոչ մի բուժաշխատողի, պարզապես թերացումները և սխալները ցանկացած դեպքում պետք է բարձրաձայնել, քննարկել ու շտկել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դուք անվճար սպասարկում եք բնակչությանը, իսկ ես իրականացնում եմ միայն վճարովի ծառայություններ՝ ևս չի համապատասխանում իրականությանը։ Դուք տեղյակ չեք հիվանդների այն մեծ «բանակի» մասին, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, որոնց ես բարեգործական հիմունքներով օգնում եմ բացարձակ անվճար։ Ավելին, բոլոր մարզերում ամենամսյա մեր անվճար գիտագործնական կոնֆերանսների երրորդ օրը իրականացնում ենք 100-ից ավելի բուժառուի խորհրդատվություն։
արդեն 10 տարի է ինչ եթերում է, բարեգործական է, և ոչ մի փորձագետ,այդ թվում նաև ես, ո՛չ նկարահանման տաղավարում, ո՛չ էլ նկարահանումներից հետո իրականացվող ծրագրերում մասնակցության համար չենք վճարվում։ Ասեմ, որ ցանկացած եթերից առաջ բոլոր փորձագետները 30-ից 40 րոպե զրուցում են մասնակիցների հետ, լսում գանգատները, ուսումնասիրում իրենց կողմից տրամադրվող բժշկական, իրավական և այլ փասթաթղթեր, որի համար հաշվետու են հաղորդման ադմինիստրացիային։ Ինչ վերաբերում է «շոուին»՝Դուք լավ գիտեք,որ բոլոր մասնակիցները սոցիալապես ծանր վիճակում գտնվող իրական մարդիկ են, իրենց բազմաթիվ անլուծելի խնդիրներով, ովքեր «Կիսաբաց Լուսամուտներ» հիմնադրամի կողմից ներառվում են տարբեր ծրագրերում և ստանում բազմակողմանի օգնություն։ Ինչ վերաբերում է իմ հուզառատ խոսքին, դա համապատասխանում է իմ հոգատար, մարդասեր և անձնանվեր բնույթին։ Իսկ Ձեր գրառումը կարելի է գնահատել որպես «էմոցիոնալ», անհիմն պոռթկում, «զոհի» կարգավիճակում ներկայանալու և հանրային աջակցությամբ պաշտպանվածություն փնտրող, սեփական ուժերը թերագնահատող մասնագետի պահվածք։ Ինչ վերաբերում է սննդային անեմիա ախտորոշմանը, կարծում եմ դուք եք ինձ վիրավորել, երբ լատինատառ գրել եք, կարծելով, որ ես ԵՊԲԻ-ում լատիներենի դասերին չեմ մասնակցել։ Հարգելի՛ բժիշկ, ես ոչ թե հեգնեցի, այլ կասկած հայտնեցի ախտորոշման գրագետ ձևակերպման հետ կապված։ Ի գիտություն Ձեզ, հավելեմ, որ սննդային կամ ալիմենտար անեմիա (սակավարյունություն) ախտորոշում գոյություն չունի։ Անեմիաների առաջացման պատճառներից կարող է լինել թերսնուցումը, բայց ախտորոշման նման ձևակերպումը գրագետ չէ։ Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնումեմ ձեզ անեմիաների դասակարգումը.
1. Միկրոցիտար անեմիան առաջանում է հեմոգլոբինի սինթեզի անբավարարության հետևանքով ։ Հեմի սինթեզի խանգարումներ` երկաթ դեֆիցիտային անեմիա, քրոնիկ հիվանդությունների ժամանակ առաջացող անեմիա, գլոբինի սինթեզի դեֆեկտ, ալֆա և բետա թալասեմիաներ, սիդերոբլաստների դեֆեկտ և այլն։
2. Մեգալոբլաստիկ անեմիայի ամենատարածված պատճառը վիտամին B12-ի, ֆոլաթթվի կամ երկուսի զուգակցված անբավարարությունն է: Չարորակ անեմիա, առաջանում է Կասլի ներքին գործոնի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է է սննդից վիտամին B12 կապման համար:
3. Նորմոցիտար անեմիա առաջանում է, երբ ընդհանուր հեմոգլոբինի մակարդակը նվազել է, բայց արյան կարմիր բջիջների չափը մնում է նորմալ: Պատճառները ներառում է`արյան սուր կորուստ, խրոնիկական հիվանդության անեմիա, ապլաստիկ անեմիա,հեմոլիտիկ անեմիա։
4. Հիպերանեմիան ծանր հիվանդություն է, որի դեպքում հեմատոկրիտը 10% -ից ցածր է։
5. Ռեֆրակտեր անեմիայի ժամանակ այն չի պատասխանում բուժմանը, որը հաճախ երկրորդային է և դիտվում է միելոդիսպլաստիկ սինդրոմների ժամանակ: Երկաթ դեֆիցիտային անեմիան նույնպես կարող է լինել ռեֆրակեր, որպես ստամոքսաղիքային խնդիրների դրսևորում, որոնք խաթարում են երկաթի ներծծումը, և ուղեկցվում են թաքնված արյունահոսությամբ։
Մտածում եմ Ձեր գրառումները դեռ շատ արձագանքներ կունենան տարբեր հարթակներում։ Իմ բարի խորհուրդը Ձեզ. զսպեք անպատճառ ցասումը, վերանայեք սխալ ընկալումը կատարվածի վերաբերյալ և փորձեք բոլոր հարցերը՝ հատկապես կոլեգաների հետ լուծել բանակցային տարբերակով։ Իսկ հանուն արդարության և համերաշխության, կարծում եմ, Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեք թյուրընբռնման համար։ Մնաք խաղաղությամբ։
