Ձերբակալվել են Փարիզի ահաբեկչության կազմակերպիչները (տեսանյութ)
Ֆրանսիայի իրավապահ մարմինները շարունակում են Charlie Hebdo պարբերականի գրասենյակի վրա զինված հարձակման հետաքննությունը, որի արդյունքում առնվազն 12 մարդ է սպանվել: Սա 1835թ.-ից սկսած խոշորագույն ահաբեկչությունն է Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե» լրատվականը:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտարարել են, որ կցուցաբերեն հնարավոր նյութական և կադրային աջակցությունը տուժած ամսագրին, որպեսզի այն կրկին վերսկսի իր տպագրությունը:
Երկրում համազգային սգի օր է հայտարարվել: Ֆրանսիայի կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկություն է հայտնել հանդիպել երկրի քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները օգնություն կցուցաբերի ահաբեկչության հետաքննության համար:
Liberation պարբերականի փոխանցմամբ երեք կասկածյալներ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Համաձայն տեղեկատվության՝ ահաբեկչության կազմակերպիչներին հայտնաբերել են Փարիզի Պանտեն արվարձանում: Կասկածյալներից մեկը հայտաբերվել է Ֆրանսիայի արևելքում՝ Ռեյմսում, ուր հատուկ ծառայության ստորաբաժանումներ են ուղարկվել:
