Ձեռք է բերել կեղծ վկայական՝ շվիի ուսուցիչ աշխատելու համար
Փաստինֆոն գրում է. 33-ամյա իջևանցին «Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց»-ից ձեռք է բերել կեղծ վկայական՝ նույն դպրոցում շվիի ուսուցիչ աշխատելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Էդգարը, 2004թ. հունիսի 30-ին ստանալով Իջևան համայնքի «Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի միջնակարգ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ վկայական, ամիսներ անց հենց այդ նույն դպրոցում աշխատանքի է ընդունվել՝ որպես շվիի ուսուցիչ:
Բացի այդ, նա 2013թ. հուլիսի 29-ին աշխատանքից ազատվելու հրամանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկման ընթացքում որպես ապացույց է ներկայացրել իր կողմից ձեռք բերված, իրավունք վերապահող կեղծ վկայականը, որի հիման վրա վերականգնվել է նախկին աշխատանքում:
Մեղադրանք է առաջադրվել նաև նշված դպրոցի տնօրենին՝ Ս.Բեգլարյանին, ով անձնական շահերից ելնելով՝ կազմել է ակնհայտ կեղծ վկայական Էդգարի անունով այն մասին, որ վերջինս իբր 2001թ. ընդունվել է «Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ-ի շվիի բաժին և 2004թ ավարտել է լրիվ դասընթացը՝ շվիահարի մասնագիտությամբ` ստանալով երաժշտական դպրոցի ուսուցչի, անսամբլի կատարողի որակավորում:
Էդգարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս.Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
