Ձեռքբերում եմ համարում նաեւ այն, որ խորասուզվելով այս չարությամբ լի տակառը, ես ինքս չչարացա...
Fnews.am-ը շարունակում է ամփոփել տարվա ձեքբերումներն ու բացթողումները՝ հայտնիների աչքերով: Այս անգամ, 2015 թթ-ի իր ձեռքբերումների ու բացթողումների մասին անկեղծացել ու որոշ փակագծեր է բացել ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Ժուռնալիստների միության անդամ, լրագրող, հաղորդավար Զառա Արամյանը՝(Համով Զառան):
-2015 թթ-ը ինձ համար իրադարձություններով լի տարի էր …Ասում եմ տարի, որովհետեւ դեռ մի քանի օր էլ կա, որ տարին ավարտվի: Կորուստներս ու ձեռքբերումներս անցնող տարում, իրար զուգորդում էին: Շատ էմոցիոնալ ու հուզական օրեր…Կորցրեցի իմ ամենալավ ընկերոջը, ում հետ աշխատել եմ շատ ու շատ պրոյեկտների վրա, ում ընկերներն իմ ընկերներն են, եւ հակառակը...Կորցրել եմ այն ընկերոջս, ով առաջին անգամ կյանքումս ինձ տվեց ու բացահայտեց Աստվածաշունչը:
Ով իմ ամենաուշադիր քննադատն էր ու ամենանվիրյալ երկրպագուն: Նա իմ հայրն էր …լեգնեդար մարդ , երաժիշտ, արվեստագետ: Վերքս դեռ արյունոտ է, չգիտեմ երբեւէ կարող է այն չորանալ թե ոչ: Ձեռք բերեցի մի փորձ. մարդկային արատների վերաբերյալ :Ճանապարհս շատ փշոտ է եղել, սխալների, հաղթանակների ու ձեռբերումների ճանապարհ:
25 տարի եթերում եմ, բայց զարմանալի է, որ միայն այս տարի այքան մարդկային չարության՝ նախանձի, չկամության ու անհիմն դառնության հանդիպեցի:
Ձեռքբերում եմ համարում նաեւ այն, որ խորասուզվելով այս չարությամբ լի տակառը ես ինքս չչարացա: Վերստին խաղաղվեցի, եւ հայտնի ասույթի համաձայն՝դարձա ավելի ուժեղ: Այս տարի արժանացա ինձ համար շատ կարեւոր՝ «Տարվա Հայուհի» կոչմանը, ի դեպ ամենաժողովրդականություն վայելող Հայուհի անվանակարգում: Այս տարի ստացա նաեւ « Տարվա Լավագույն հաղորդաշար» մրցանակը (Համով Զրույցը 25 տարի շարունակ եթերում է: ), ինչը նույնպես ոգեւորող է: Ոչ մի ընկեր մեծատառով չկորցրեցի: Դա մեզանում շատ կարեւոր է, ովքեր ինձ համար թանկ ու հարազատ ընկերներ էին, բոլորն էլ մնացին կողքիս, ու կարեւորը՝չփոխվեցին: Ավելին, ունեցա նաեւ նոր ընկերներ, ովքեր շատ կարճ ժամանակահատավածում կրկին դարձան շատ թանկ ու հարազատ: Իմ տարիքում նոր ընկերներ ունենալը բավականին բարդ պրոցես է, բայց եւ շատ արժեքավոր... Իմ բոլոր ընկերները՝ հին ու նոր, կան իմ ամենօրյա աղոթքների մեջ:
Ի դեպ այս տարի ստացա շատ բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ, բայց հրաժարվեցի, որովհետեւ իմ հետագա կյանքը տեսնում եմ կյանքիս ընտրած ամենակարեւոր ճյուղում՝ Լրագրության մեջ: Ամեն ինչ դեռ առջեւում է... Լրագրողների համար շատ կարեւոր ու անհրաժեշտ ծրագրեր ունեմ, որ դեռ պետք է իրականացնեմ: Շնորհակալություն եմ հայտնում 2015 թթ-ին՝ իմ վերքերի, արցունքների, կյանքի նվերների, ու ձեքբերումների համար:
