Ձնաբքի պատճառով Սիսիան-Գորիս ճանապարհն անանցանելի է
Այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 06.00-ի սահմաններում Երեւան-Մեղրի Մ-2 միջպետական ավտոճանապարհի 222-227-րդ կմ հատվածում (Սիսիան-Գորիս ճանապարհի 23-28-րդ կմ) բքի պատճառով ճանապարհը տրանսպորտային միջոցների համար դարձել է անանցանելի:
ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիան-Գորիս ճանապարհի 17-րդ կմ-ում տեղակայված վրանային հենակետից մեկնած հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 ուղեւորի:
Արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց: Գորիսի հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 250 քաղաքացու եւ արգելափակումից դուրս բերել շուրջ 70 տրանսպորտային միջոց:
Ավտոճանապարհը սպասարկող Գորիսի ՃՇՇ-ն ճանապարհի մաքրման աշխատանքներում ներգրավվել է 3 միավոր տեխնիկա:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (ՃԿԱԿ) անընդհատ առցանց ուղիղ տեսակապի մեջ է Սյունիքի մարզում ծավալված հետակետի հետ: Ցանկության դեպքում լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են այցելել ՃԿԱԿ, տեղում ուղիղ կապով միանալ Սյունիքի մարզի հենակետ եւ նկարահանում իրականացնել:
