Էբոլայի բուժման համար փորձարարական պատվաստանյութը խոստումնալից է
Էբոլայի բուժման փորձարարական պատվաստանյութն առաջին անգամ փորձարկվել է մարդկանց վրա, որի արդյունքները ցույց են տվել, որ այն ապահով է և կարող է բարձրացնել մարդու իմունիտետը՝ վիրուսի դեմ պայքարելու համար:
Միացյալ Նահանգներում պատվաստվել է 20 կամավոր: ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները հայտնել են, որ փորձարկման արդյունքները «խոստումնալից» են:
Պատվաստված կամավորներից ոչ մեկի մոտ որևէ կողմնակի ազդեցություն չի առաջացել:
Կամավորները բաժանվել են 2 խմբի: Մի խումբը էքսպերիմենտալ պատվաստանյութն ստացել է ցածր, մյուսը՝ բարձր չափաբաժնով:
Ավելի ուժեղ հակամարմիններ արտադրվել են բարձր չափաբաժնով պատվաստված մարդկանց մոտ:
Փորձարկումներ են կատարվում նաև Օքսֆորդում, Մալիում և Շվեյցարիայում: Եթե սրանք նույնպես դրական արդյոնքներ տան, պատվաստանյութը կառաջարկվի Արևմտյան Աֆրիկայում գտնվող հազարավոր բուժաշխատողների:
