«Էդ գնդապետի լակոտը հենց գլխավորներից ա եղել իմ տղայի սպանության գործում»
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ակտիվ քննություն է իրականացվում, նշանակված մի շարք փորձաքննությունների արդյունքներն արդեն հայտնի են: Այս մասին այսօր Fnews.am-ի հետ զրույցում, անդարադառնալով դաժանաբար սպանված կուրսանտի սպանությանն ասել էր գործով չորս կասկածյալներից` գնդապետի որդու Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
«Իմ պաշտպանյալը ի սկզբանե շարունակում է պնդել, որ նա իսկապես կապ չունի երիտասարդի հետ կատարվածի հետ, եւ ես վստահ եմ, որ նախաքնությամբ էլ կապացուցվի վերը ասվածը»-ասել էր փաստաբան Զաքարյանը, հավելելով, որ «Ես որպես մարդ հասկանում եմ տուժողին եւ այս պարագայում, բնականաբար, նա պետք է նման պատճառաբանություններ բերեր: Իսկ այն հանգամանքը, որ իր որդին չի կարող ինքնասպան լինել, ասեմ հետեւյալը` անձը նման հանգամանքի մասին պարզապես իր ենթադրություն է հայտնում, ոչ թե գործով հաստատված փաստը»:
Փաստաբանի կողմից արված այս հայտարարությունը խորը ցավ էր պատճառել ու նաեւ զայրացրել էր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողներին, եւ այդ իսկ պատճառով էլ այդ հրապարակմանն արձագանքեց Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը, եւ հայտարարեց, որ այդ մեկնաբանությունները ուղղակի անլուրջ եւ անհիմն են, եւ որ չի կարելի մարդկանց վշտի հետ այդպես խաղ անել:
Fnews.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանը, եւս մեկ անգամ վերհիշելով տեղի ունեցած դաժան սպանությունը, նշեց.
-Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանին, որին հունվարի 29-ին զորամասի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված էին գտել, սպանել են դաժանորեն։
Կապտուկներ են եղել աճուկի մասում, թեւերին, շրթունքն է վնասված եղել, վիզը՝ կապտած, ձեռքերը՝ արյան մեջ: Աջ արմունկի մասում սուր գործիք են մտցրած եղել: Գիտեք ինչ, ես զարմանում եմ, թե ինչպես է այդ փաստաբանը ասում, թե հասկանում է ինձ. մտնում դրությանս մեջ: Ախր ինչպե՞ս նա կարող է ինձ հասկանալ, մինչև իմ նույն իրավիճակում չլինի, նա չի կարող ինձ հասկանալ: Ես կասեմ միայն, որ էտ գնդապետի լակոտը հենց գլխավորներից ա եղել իմ տղայի սպանության գործում: Ու հիմա էլ փաստաբաը փող է վերցրել ու աշխատում է նրան պաշտպանել: Ախր տղաս զինվոր չէր, որ մարտի դաշտում զոհվեր, հասկանու՞մ եք: Տղաս կուրսանտ էր, ով շուտով սպա էր դառնալու, ՍՊԱ ...
- Ինչո՞վ եք համոզված,որ Ձեր տղան չէր կարող ինքնասպանության դիմել:
-Որովետեւ տղաս դեկտեմբերի 29-ին էր տուն եկել,իսկ հունվարի 7-ին հետ գնաց: Այդ ողջ ընթացքում մենք շփվել ենք, խոսել, նա երբեք չի բողոքել, սիրով է գնացել ինստիտուտ :
-Իսկ փորձել ե՞ք զրուցել Ձեր տղայի ընկերների հետ: Միգուցե նա խնդիրնե՞ր է ունեցել այդ 4 կասկածյալներից որեւիցե մեկի հետ:
-Խոսել եմ անխտիր բոլորի հետ, միայն մի բան եմ հաստատ ասում, որ այդ քառյակի հետ ոչ ոք չի շփվել, նրանց չեն հարգել, ասեմ ավելին ՝ ահ ու սարսափ են նրանք առաջացրել բոլորի սրտում: Իմ տղան նրանց հետ չի շփվել, միայն բարև , բարի օր է ասել: Հենց էդ գնդապետի անմեղ ձևացող լակոտն էլ ամենալպիրշն ա եղել` նրանց մեջ: Դատական գործընթացից հետո պարզ կդառնա ամեն ինչ, կտեսնեք, որ ես ճիշտ էի:
Աննա Առաքելյան
