«Էդ թազա մուտիլովկա ես սկսե անել».Ալեքսանյանը՝ թաղապետի ֆավորիտ թեկնածուներ ունենալու մասին.VIDEO
Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ավագանու քարոզչության շրջանակներում ՀՀԿ ներկայացուցիչները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանդիպում ունեցան համայնքի բնակիչների հետ:
Իր ելույթում Տարոն Մարգարյանն անդրադարձավ վերջին չորս տարիներին և նշեց, որ երևանցիների բոլոր բարձրացված հարցերը ներառված են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: «Մենք վստահ ենք, որ այն թիմը, որն այս տարիների ընթացում աշխատել է նվիրված՝ օր ու գիշեր մեր քաղաքացիների դարդն ու ցավը լսելով, կարող է հաջորդ հինգ տարիներին իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք ներկայացնում ենք»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, ներկաների մեջ, Տարոն Մարգարյանի ելույթը ուշի-ուշով ունկնդրում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով Fnews.am-ի զրույցում անկեղծացավ, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները ի սրտե եկել են մասնակցելու կազմակերպված քարոզարշավին: Ավելին, Ալեքսանյանը նշեց, որ քաղաքապետը շատ ու շատ ծրագրեր է իրականացրել իրենց համայքնում, եւ որ ինքը բնակիչներին որեւէ կերպ չի ուղղորդել այս ընտրությունների հետ կապված, քանի որ դրա կարիքն էլ չկա: «Մեր համայքնի բնակիչները տեսնում եւ գնահատում են մեր քաղաքապետի աշխատանքը, դրա համար էլ այս սենց ակտիվ, պատրաստված եկել են՝մասնակցելու քարոզարշավին»:
Իսկ երբ Ալեքսանյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչքանով են հավաստի այն տեղեկությունները, որ ապագա թաղապետերի նշանակման հարցում նա եւս իր բաժին մասնակցությունն է ունենալու, (քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ալեքսանյանը ՀՀԿ-ի համար մեծ թվով ձայներ է ապահովել), պատգամավորը իր ոճին հավատարիմ մնալով պատասխանեց, թե իբր նման տեղեկություններ չունի, եւ որ այդ մասին առաջին անգամ է լսում... Հետո էլ խորհրդավոր ժպտալով արձագանքեց թե. «էդ ես ով ե~մ, որ նշանակեմ»:
Այլ պատասխաններ՝առաջարկվող տեսանյութում:
