Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Դուշման Վարդանի հիշատակին
Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան տարեդարձի կապակցությամբ հերոսի հարազատները, մի խումբ ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարի մոտից երիտասարդական կազմակերպությունների, ազատամարտիկների, Վարդան Ստեփանյանի հարազատների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների մասնակցությամբ տեղի ունեցավ երթ-այցելություն հերոսի շիրիմին: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Վարդան Ստեփանյանի շիրմաքարին, ինչից հետո տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Ստեփանյանի քույրը՝ Արմինե Ստեփանյանն, ընդգծեց, որ միջոցառման կազմակերպիչները երիտասարդներն են, ում համար Վարդանն ուղեցույց է: «Երիտասարդների համար Վարդանն օրինակ է, պարզապես հայ երիտասարդի օրինակ, ով իր կյանքի 26 տարիները նվիրել է իր ժողովրդին: Այսօր լրանում է Վարդանի 50-ամյակը: Նա ապրել է 26 տարի, այսօր նրա 50-ամյակն է։ 26 ապրած ու 24 չապրած տարիներ, սակայն այդ ապրած և չապրած տարիները մեր երիտասարդության համար ուղեցույց են: Նրանք պետք է ապրեն Վարդանի, Վարդանի նմանների օրինակով, որպեսզի հարատևի այս երկիրը, այն երկիրը, որը կարելի է համարել դրախտավայր, որը պետք է միայն ու միայն հային պատկանի»,- նշեց հերոսի քույրը: Նա հավելեց, որ Վարդան Ստեփանյանի երազած երկիրն ունենալու համար պետք է ամեն օր այն կառուցել ու շենացնել:
Մանրամասն ՝ analitik.am
