Էրդողանն ու Չավուշօղլուն խոսել են Հայոց ցեղասպանությունը ժխտող բելգիացի թուրք պատգամավորի սկանդալից
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն անդրադարձել են Բելգիայի «Humanist Democratic Centre (HDC) կուսակցության կողմից ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրի՝ Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով կուսակցությունից հեռացվելուն:
Չավուշօղլուն թեմայի վերաբերյալ արված հայտարարության սկզբում կրկնել է Թուրքիայի ավանդական թեզը` ասելով, որ իրենք սխալ են համարում պատմական խնդիրը երկրների խորհրդարանների օրակարգ բերելը:
Թուրք նախարարը տեղեկացրել է, որ այդ հարցով արդեն խոսել է բելգիացի պաշտոնակցի հետ և հայտնել ունեցած անհանգստության մասին:
«Արտգործնախարարն ու կառավարությունը (Բելգիայի) այս խնդրի հետ կապված իրենց կարծիքն արտահայտող հայտարարություններ են արել, ինչի համար նրանց շնորհակալություն հայտնեցինք:
Միևնույն ժամանակ մենք նրան շատ պարզ կերպով ասացինք, որ ժողովրդավարության շրջանակներում չէ, մեր քույր Մահինուրին ստիպել, որպեսզի ընդունի մի բան, ինչին ինքը չի հավատում»:
Նախագահ Էրդողանն էլ Կարսում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով նշյալ թեմային, շտապել է Արևմուտքին մեղադրել է երկերեսանի ժողովրդավարություն հանդես բերելու մեջ:
«Դուք ինչպե՞ս կարող եք նման բան անել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հանդեպ: Ահա սա է Արևմուտքը: Արևմուտքը ժողովրդավարության հարցում երկերեսանի է»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական «Haberler» լրատվակայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Բելգիայի խորհրդարանի առաջին գլխաշորով կին պատգամվոր, ազգությամբ թուրք Մահինուր Օզդեմիրը հեռացվել է HDC կուսակցությունից՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով: Օզդեմիրը նշյալ կուսակցությանը անդամագրվել է 2009-ին:
