Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ սպասվող հանդիպման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանը նշել է, որ հանդիպումը կկայանա Ճապոնիայում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում:
Նա նաև հաղորդել է, որ հանդիպման ընթացքում կանդրադառնան մի շարք կարևոր տարածաշրջանային հարցերի, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
«Կքննարկենք նաև ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հարցը»,-հայտնել է Էրդողանը:
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կարող է փորձագետներ ուղարկել՝ համոզվելու, որ С-400 համալիրները սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:
«Թեև ԱՄՆ-ն կոչ է անում մեզ չգնել ռուսական զենիթահրթիռային համակարգերը, սակայն երաշխիքներ չի տրամադրում, որ մեզ կվաճառի Patriot ՀՕՊ համակարգերը,-հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող միևնույն ժամանակ ունենալ ամերիկյան F-35 կործանիչ ռմբակոծիչներ և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, քանի որ դա տեխնիկապես անհնար է:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին լուրերը շրջանառվում են 2016 թվականի նոյեմբերից: Պայմանագրի կնքումը հաստատել է ռուսական կողմը՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին:
«Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը նշել էր, որ Անկարան С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռք է բերում 2,5 մլրդ դոլարով: