Երեւանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գողը»
87 տարեկանում Երեւանում մահացել է հայ ամենատարեց «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, որը քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Գիժ Կառլեն: «Փրայմ Քրայմ» գործակալության տվյալներով, մի քանի օր առաջ Կառլենը տեղափոխվել է երեւանյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այսօր առավոտյան մահացել է:
Չնայած հանցավոր կենսակերպին, որին Կառլենը փորձում էր հավատարիմ մնալ մինչ խոր ծերություն, նա գողական աշխարհի հայտնի դեմք չի դարձել ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Մարդկանց հիշողության մեջ նա մնացել է ոչ համարժեք արարքներով, ինչի հետեւանքով էլ ստացել է մականունը: Ասում են՝ խորհրդային տարիներին խելագար ձեւանալով՝ Կառլենը սեփական կղկղանքից սարքված «նռնակներ» է նետել ոստիկանների ուղղությամբ:
Կառլենին մեղադրում էին տիտղոսը շահարկելու եւ եղբայրակիցների, մասնավորապես՝ Ձետոյի եւ Ասոյի դեմ ինտրիգներ կազմակերպելու մեջ՝ դրա համար որեւէ հիմք չունենալով: Այդպիսի դեպքերից մեկից հետո, երբ Կառլենը կրկին չի կարողանում հիմնավորում ներկայացնել, գողերի հավաքից հետո նրան թողնում են բաց դաշտում՝ այդպիսով ցույց տալով նրա նկատմամբ վերաբերմունքը:
