Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
Երևանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:
Այնուհետև գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը: Նշվել է, որ այն կազմվել է հաշվի առնելով 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայություններն ու առկա հիմնախնդիրները: Ծրագրում, ինչպես նշել է այն ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կարևորվում է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար. մասնավորապես, հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատել է Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը:
